Կայացավ 2011թ. հրատարակված գրքերի շնորհանդեսը՝ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ


Կայացավ 2011թ. հրատարակված գրքերի շնորհանդեսը՝ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ

  • 22-03-2012 17:24:00   | Հայաստան  |  Նոր գրքեր
Մարտի 22-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2011թ. հրատարակված գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրատարակված գրքերի հեղինակները, դասախոսներ, ուսանողներ եւ այլք: Ողջունելով ներկաներին` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց, որ միջոցառումը նվիրվում է հայ գրատպության 500-ամյակին` ուրախությամբ ընդծելով, որ 2012 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը հայտարարվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Նախարարը շնորհակալություն հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիային, նրա ինստիտուտներին, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին, Երեւանի պետական համալսարանին եւ բոլոր այն հաստատություններին, որոնց հետ ակտիվ համագործակցության շնորհիվ իրականություն դարձավ այս ծրագիրը: Նախարարը շեշտեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերն ու ձեռնարկները մշակելիս հաշվի են առնվում Սփյուռքի եւ Հայաստանի գիտնականների եւ համապատասխան մասնագետների առաջարկները, եւ գերատեսչությունն ակտիվ համագործակցում է վերջիններիս հետ: Այնուհետեւ Հ.Հակոբյանը համառոտ ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2011թ. հրատարակված 18 գրքերը, որոնք շատ կարեւոր եւ օգտակար հետազոտություններ են եւ կնպաստեն Սփյուռքը խորապես ճանաչելուն, հայ համայնքների հիմնախնդիրները վերհանելուն եւ դրանց լուծման նպատակով ծրագրերի մշակմանն ու կյանքի կոչմանը: Հ.Հակոբյանը կարեւորեց ՀՀ Սահմանադրության շարադրումն արեւմտահայերենով, որը հնարավոր եղավ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հաջողություն մաղթելով ՀՀ սփյուռքի նախարարության այս ծրագիրը եւ մեծապես կարեւորելով այն` նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հնարավոր դարձավ հրատարակել գիտնականների համապատասխան հետազոտություններն ու ուսումնասիրությունները: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համագործակցության համար` ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ա.Իսահակյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գ.Հարությունյանը, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» տնօրեն Ս.Կարապետյանը եւ գրքերի հեղինակները պատրաստակամություն հայտնեցին հետագայում եւս շարունակել նախարարության հետ հաստատված ակտիվ համագործակցությունը: Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայ կրթական եւ գիտական ոլորտների զարգացման գործում ձեռք բերած հաջողությունների համար Հ.Հակոբյանը ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play