«Dasaran.am» կրթական ծրագիրը ընդլայնում է իր գործունեության շրջանակները


«Dasaran.am» կրթական ծրագիրը ընդլայնում է իր գործունեության շրջանակները

  • 26-03-2012 12:48:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Dasaran.am» կրթական ծրագիրն արդեն ավարտում է Երեւանի դպրոցների ներգրավումն ու ընդլայնվում՝ իր գործունեության շրջանակներ ներառելով ՀՀ տասը մարզերի դպրոցները: Այդ նպատակով մարտի 12-ից մեկնարկել է ՀՀ մարզերի դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը, որն ուղղված է օպերատորների, ուսուցիչների եւ դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի ծանոթացմանը: Ինտերակտիվ վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլեւ տեղում՝ համակարգիչների առաջ, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաեւ «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն տպագիր ուղեցույց եւ ուսուցանող տեսանյութ, ինչպես նաեւ ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը: Վերապատրաստումներին արդեն մասնակցել են Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզկենտրոնների դպրոցների օպերատորներ եւ ուսուցիչներ: Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Լոռու մարզերում վերապատրաստումներն ամենայն հավանականությամբ կկազմակերպվեն տեղում՝ «Dasaran.am» կրթական ծրագրի մասնագետների մասնակցությամբ: «Վերապատրաստման ընթացքում նյութը շատ պարզ մատուցվեց, դպրոցի բոլոր ուսուցիչներն արդեն լավ տիրապետում են էլեկտրոնային գործիքին եւ հաջողությամբ կատարում մուտքագրումները»,- ասում է Հրազդանի թիվ 9 դպրոցի օպերատոր Արմինե Մկրտչյանը: Իսկ Աշտարակի Մուղնու գյուղի հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մերի Խոջոյանը նշում է, որ էլեկտրոնային գործիքը բավական պարզ է աշխատում, ուսուցիչների համար դժվարություն չի ներկայացնում դրանից օգտվելը: Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով: Dasaran.am-ի մասին «www.Dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, գործում է 2009 թվականից: Այն հասանելի է արդեն Երեւանի 204 դպրոցներում, իսկ ս.թ. մարտ ամսվա ընթացքում ավարտին է հասցվելու մայրաքաղաքի բոլոր դպրոցների ներգրավումը: Վերջերս ծրագիրն ստացել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությունը, մասնավորապես` ս.թ. փետրվարի 8-ին «Dasaran.am» կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ավելի վաղ ծրագիրն ստացել է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը. 2011թ. օգոստոսին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի` ծրագիրն ստացել է պետական հովանավորություն եւ դարձել պարտադիր առաջին փուլում Երեւանի, ապա` ՀՀ բոլոր մարզերի դպրոցների համար: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի՝ նախկինում վճարովի ծառայությունները 2011թ. օգոստոսից դարձել են լիովին անվճար: Ծրագրի նպատակն է դյուրացնել ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաեւ ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության եւ կարեւորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական եւ համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ձեւավորել աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ եւ բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ