Քաղաքապետը հանձնարարել է շարունակել տարածքների բարեկարգման և կանչապատման աշխատանքները
26-03-2012 17:00:19 | Հայաստան | Տնտեսություն
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակի կապակցությամբ քաղաքապետի կարգադրությամբ անցկացվող «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երեւանաբնակ 7112 կանայք, որոնցից 3898-ն արդեն անցել են լաբարոտոր-գործիքային հետազոտություններ: Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաեւ, որ ստացիոնար բուժում են ստանում 72 կին, եւս 405-ը ուղեգրված են ստացիոնար բուժման, 37 կին էլ արդեն վիրահատված են:
Անդրադառնալով մայրաքաղաքում նախատեսված կանաչապատման աշխատանքների ընթացքին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այժմ շարունակվում է սանիտարական մաքրման ու էտման, ծաղկային տարածքների փոցխի, ինչպես նաեւ ոռոգման ցանցի ընթացիկ նորոգման աշխատանքները:
Վարչական շրջաններում օբյեկտների սեփականտերերի կողմից անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգի մասին Երեւանի ավագանու որոշման պահանջների կատարման վերաբերյալ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել է 7258 սխեմա: Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված թերությունների հետ կապված`քաղաքապետը հանձնարարել է կարգավորել առաջացած հարցերն ու շարունակել գործընթացը`վերահսկելով տնտեսվարողների կողմից իրենց հարակից տարածքների բարեկարգման եւ կանչապատման աշխատանքների կատարման ընթացքը:
Երեւանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ ուսումնասիրվել եւ գնահատվել է Վերնիսաժի տարածքի իրավիճակը, որի վերաբերյալ քննարկվել են տարածքի բարեկարգման ճարտարապետական հնարավոր տարբեր լուծումներ եւ առաջիկայում կներկայացվի այն` ներդրումային գնահատականով:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի գնահատման ուղղությամբ մշտադիտարկման աշխատանքները, որի արդյունքում հայտնաբերվող թերացումների մասով անմիջապես ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է Երեւան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցին եւ նշել է, որ առաջիկայում այն կհաստատվի ու հանձնարարել է ներկայացնել ըստ այդմ հայտարարվող մրցույթի ժամանակացույցը եւ բնակչությանը իրազեկել երթուղիների ուղղությունների մասին:
«Գործող մոտ 2500 միկրոավտոբուսների թիվը մինչ տարեվերջ մենք պետք է կրճատենք եւ հասցնենք 1200-1300 հատի: Զուգահեռաբար դրանք պետք է փոխարինենք մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներով »,-նշել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է նաեւ մայրաքաղաքում փողեցների լուսավորության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Քաղաքապետը հանձնարարել է դրանց իրականացման հստակ ցանկը տրամադրել նաեւ վարչական շրջանների ղեկավարներին:
Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքների ընթացքին`շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ըստ անհրաժեշտության այդ աշխատանքները շարունակվում են, իսկ արդեն այսօրվանից մեկնարկում են ասֆալտապատման հիմնական աշխատանքները:
«Ասֆալտապատման աշխատանքների իրականացման վերահսկողությունը պետք է լինի մշտական, ընդ որում ոչ միայն վերահսկողության եւ շինբարեկարգման վարչությունների կողմից, այլ նաեւ վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից: Այս հարցում կապալառու կազմակերպություններից մեր պահանջը հստակ է. սահմանված ժամկետում ապահովել որակյալ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը եւ հանձնարարել հետեւողական աշխատանք տանել հնարավոր թերացումները բացառելու ուղղությամբ, ինչպես նաեւ ուսումնասիրել 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման աշխատանքների որակը եւ ներկայացնել կատարող կազմակերպությունների ցանկը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տե»եկացնում են, որ քաղաքապետը հանձնարարել է նաեւ աշխատանքները անորակ եւ թերի կատարած կազմակերպություններին պարտադրել իրենց միջոցերով վերացնել թերությունները: