Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին
26-03-2012 17:13:00 | Հայաստան | Քաղաքական
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած քսան տարիների ընթացքում համանախագահող երկրների եւ անձամբ այդ երկրների նախագահների կողմից ձեռնարկված հետեւողական ջանքերի համար:
Ընդգծելով, որ թեեւ Մինսկի գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռեւս մնում է չիրագործված, Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդուհանդերձ անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում իրականացվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից` կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման եւ խաղաղության պահպանման համար:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը, մեծապես շահագրգիռ լինելով հիմնախնդրի հանգուցալուծմամբ, շարունակելու է իր դրական եւ կառուցողական ներգրավվածությունը Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` ի նպաստ մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության, ժողովուրդների լավագույն ապագայի:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: