Հանրապետական աշակերտական խորհուրդը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում


Հանրապետական աշակերտական խորհուրդը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում

  • 26-03-2012 17:40:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 26-ին ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» եւ «Ապագան քոնն է» կազմակերպությունների կողմից իրականացված «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի «Երեխան երեխայի համար» խմբերում ներգրավված աշակերտներին, որոնք ներկայացնում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցները: Ողջունելով աշակերտներին՝ նախարարը նշել է. «Շնորհակալ եմ ակտիվ մասնակցության եւ հասարակական նախաձեռնության համար: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձեւավորել ՀՀ լիարժեք եւ կայացած քաղաքացի, ով ոչ միայն իր իրավունքների մասին ունի հստակ պատկերացում, այլ նաեւ իր նպաստն է ներդնում պետության եւ քաղաքացիական հասարակության կայացման գործում»: Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ աշակերտակենտրոն դպրոցի գաղափարն այլընտրանք չունի եւ այդ համատեքստում անդրադարձել աշակերտական խորհուրդների գործունեությանը՝ հույս հայտնելով, որ դրանց գործունե ությունը չի լինի ձեւական, այլ իրականում աշակերտը լիարժեք կինտեգրվի դպրոցական անցուդարձի մեջ: Նա նաեւ հավելել է, որ նախատեսվում է ստեղծել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում, հետադարձ կապ կապահովի նախարարի եւ դպրոցականների միջեւ եւ պարբերաբար նախարարին կտեղեկացնի կրթական բոլոր բարեփոխումների վերաբերյալ աշակերտների մոտեցումները: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմիններում երեխաներին վերաբերող հարցերի շուրջ վերջիններիս մասնակցության, երեխաների իրավունքների եւ պարտականությունների, օրենսդրության մեջ երեխաների նկատմամբ բռնության հստակ սահմանման, ինչպես նաեւ մանկական, կրթական եւ ճանաչողական հաղորդաշարերի, հեռուստաեթերի լեզվի հստակ չափանիշների սահմանման, դպրոցից դուրս երեխաների ժամանցի կազմակերպման եւ դպրոցական խաղահրապարակներին հարցերին: Անդրադառնալով կրթական հաղորդաշարերին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ նախատեսվում է ավագ տարիքի երեխաների համար ստեղծել կրթական զվարճալի ինտելեկտուալ հաղորդաշարեր եւ խոստացել է դրանց նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաեւ աշակերտներին: ՏՆՀԵՄ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երեխաների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան տեղական, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում իրենց իրավունքների պաշտպանության գործում: Ծրագրի շրջանակում խթանվել են երեխաների` համայնքային, մարզային եւ պետական իշխանությունների հետ աշխատելու միջոցով հիմնախնդիրներ վերլուծելու եւ դրանց լուծումներ տալու հմտությունները: Մեծահասակների օգնությամբ երեխաները նախաձեռնել եւ կյանքի են կոչել 80 բազմաբնույթ ծրագրեր՝ երեխաների իրավունքներին վերաբերող տարբեր ոլորտներում։ Այս ծրագրերի իրականացման ընթացքում երեխաները ուսումնասիրել եւ առաջ են քաշել տվյալ դաշտը կարգավորող օրենսդրական հարցերի շուրջ մի շարք առաջարկներ, դրանք քննարկել տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ եւ շուտով կներկայացնեն ՀՀ կառավարություն եւ Ազգային ժողով: Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցությանը, պաշտպանությանը, կրթությանը, ազատ ժամանցին, առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը: ՏՆՀԵՄ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը եւ իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը` «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: ՏՆՀԵՄ-ի շրջանակներում Երեւանում եւ հինգ մարզերում (Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն եւ Գեղարքունիք) ստեղծվել է 80 ԵԵՀ խումբ` շուրջ 2000 երեխայի մասնակցությամբ: Բացի այդ, եւս 2500 երեխա մասնակցել է ԵԵՀ խմբերի կազմակերպած միջոցառումներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play