Նոր հրատարակություններ` Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ
27-03-2012 11:38:32 | Արմավիրի մարզ | Նոր գրքեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Գեւորգ աբեղա Սարոյանի (ներկայիս` Գեւորգ եպիսկոպոս) ?Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը (1892-1910) եւ լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները? եւ Վալերի Գ. Թունյանի ?Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի - ?Պաշտպան Հայրենյաց?? գրքերը:
Գեւորգ աբեղա Սարոյանն իր աշխատանքում փորձել է վեր հանել եւ համակողմանի վերլուծության ենթարկել 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի առաջին տասնամյակների Հայ Եկեղեցում ծավալված աստվածաբանական զարգացումները, այդ թվում բարենորոգչական շարժման խնդիրները: Աստվածաբանության եւ հայագիտության շրջանակներում առաջին անգամ խորքային վերլուծության ենթարկելով Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի հոգեւոր գործունեությունը, աստվածաբանական եւ եկեղեցագիտական ըմբռնումները` հեղինակը հանգում է այն եզրակացության, որ Երվանդ վարդապետն իր եկեղեցագիտական գործունեությամբ մեծապես նպաստել է Հայոց Եկեղեցու մտավոր կյանքի զարգացմանը, նրա գիտական հեղինակության բարձրացմանը եվրոպացի հայագետների եւ աստվածաբանների շրջանակներում:
Վալերի Թունյանը ռուսալեզու իր մենագրության մեջ ներկայացնում է 19-րդ դարի Հայ Եկեղեցու նշանավոր հայրապետ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի գործունեությունը Ռուսական կայսրության 19-րդ դարի առաջին կեսի քաղաքականության հետ փոխադարձ կապի մեջ: Օգտագործելով ռուսական եւ հայկական բազմաթիվ արխիվային փաստաթղթեր` հեղինակը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Կովկասի քաղաքական պատկերի վրա նկարագրում է Հայ Եկեղեցու գործունեությունը եւ կարգավիճակը:
Երկու աշխատությունները հրատարակվել են Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: