Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
28-03-2012 20:18:01 | Հայաստան | Քաղաքական
Մարտի 28-ին Հայաստանի առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Եվրամիության պատվիրակության դեսպանատանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:
Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից, հանդիպման նպատակն է եղել ԱԺ ընտրություններին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումների, ներկա իրավիճակի գնահատականի եւ առաջիկա անելիքիների մասին տեղեկատվություն ստանալը:
Դեսպանների խնդրանքով Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման կապակցությամբ իր նկատառումները` հատկապես նշելով արդեն հրապարակված ընտրողների ցուցակի ուռճացվածության հարցը: Մասնավորապես, ներկաների ուշադրությունն է հրավիրվել այն պարադոքսի վրա, որ չնայած Հայաստանի բնակչության նվազմանը, ընտրողների թիվը ցուցակում ավելանում է:
Դեսպանների խնդրանքով ՀՀ առաջին նախագահը ներկայացրել է նաեւ խորհրդարանում Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները, ինչպես նաեւ անդրադարձել է համամասնական ցուցակի կազմման սկզբունքներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: