Ալեքսանդր Հարությունյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին, Կոմիտասի անվան պանթեոնում
29-03-2012 19:32:25 | Հայաստան | Հասարակություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ մարտի 29-ին կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ալեքսանդր Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 18:00-20:00-ին` Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Մարտի 31-ին, Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի վերջին հրաժեշտը, այնուհետեւ` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։