Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահ. Քուվեյթի պատմության օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քուվեյթի կողքին
02-04-2012 10:53:28 | Քուվեյթ | Հասարակություն
Քուվեյթում ՀՀ դեսպանության եւ քուվեյթահայ համայնքի ազգային կառույցների համագործակցության շրջանակում մարտի 29-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Քուվեյթի «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը:
Եկեղեցու բակում մեկնարկեց շեյխա Ֆարիհայի պաշտոնական ընդունելությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան Քուվեյթի եւ Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանն ու ազգային կառույցների այլ ներկայացուցիչներ` ընդգծելով շեյխա Ֆարիհայի այցի պատմական բնույթն ու բացառիկ նշանակությունը ինչպես քուվեյթահայ համայնքի կյանքում, այնպես էլ հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման ոլորտներում:
Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այնուհետեւ տեղի ունեցավ հայ եւ քուվեյթցի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը նվիրված պատարագը:
Արարողությունից հետո կայացած կարճատեւ զրույցի ընթացքում շեյխա Ֆարիհան խոսեց Քուվեյթի կառուցման եւ բարգավաճման գործում հայ համայնքի ունեցած մեծ դերի եւ նշանակության մասին: Նա բարձր գնահատեց հայերի նվիրվածությունն ու հավատարմությունը Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին, նշելով, որ Քուվեյթի պատմության օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քուվեյթի կողքին:
Նույն օրը երեկոյան շեյխա Ֆարիհայի պատվին հայ համայնքի անունից տրվեց ընթրիք, որին ներկա էին համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչները:
Ելույթով հանդես եկավ նաեւ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Շեյխա Ֆարիհայի այցը որակելով որպես պատմական եւ աննախադեպ հայ-քուվեյթյան համագործակցության պատմության մեջ, դեսպան Չարչօղլյանն ասաց, որ հետեւողական աշխատանքներ են տարվում մոտ ապագայում շեյխա Ֆարիհայի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր հիմքերի վրա կդնի Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ միջպետական հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը:
Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հանդիպումը հայ համայնքի հետ լայնորեն լուսաբանվել է Քուվեյթի հեռուստատեսությամբ եւ տեղական լրատվամիջոցներում: