Աթենքից զորակցության կոչ Մաշտոցի պուրակի ակտիվիստներին


 

Աթենքից զորակցության կոչ Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

  • 02-04-2012 12:15:18   | Հունաստան  |  Հասարակություն

Անցնող շուրջ տասը տարիներին Հունաստանում հայ գաղթականներին օժանդակող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը Երեւանի Մաշտոցի պուրակի կապակցությամբ հանդես է եկել կոչով` ուղղված բնապահպաններին, ՀՀ կառավարությանն ու Երեւանի քաղաքապետարանին: Ստորեւ ներկայացնում ենք «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի կոչը. «Զորակցում ենք Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների հանրային իրավունքը պաշտպանող գործունեությանը, ակտիվիստների նախաձեռնությունը պաշտպանող ՀՀ մտավորականների, գիտաշխատողների եւ լրագրողների շրջահայաց կեցվածքը եւ պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժվելու նրանց իրավացի պահանջը: Հանրային սեփականության պաշտպանելն ամենուրեք բարձրագույն իրավունք է եւ անվիճելի օրենք ու պարտականություն, իսկ այս օրերում Մաշտոցի պուրակում կատարվողը, օրինակելի եւ որակական նոր ոստում կարելի է համարել ՀՀ քաղաքացիական եւ հանրային իրավունքի պաշտպանելու գործում: Երեք տարի անցնելուց հետո, կառուցվող կրպակների ապամոնտաժելու մասին ՀՀ կառավարության եւ քաղաքապետարանի հանձնարարությունն ու հավաստիացումները ինքնին ապացուցում են կրպակների տեղադրման որոշման անճշտությունը, իսկ հանրային իրավունքը ոտնահարող սխալի սրբագրման երեք տարի ձգձգումն ու հետաձգումը, բնականաբար անբացատրելի եւ անհասկանալի է: Նման կարեւոր սխալի գիտակցությունն ու իմացությունը ենթադրում է, ոչ միայն սխալի անհապաղ սրբագրումը, այլեւ իրագործողներին պատասխանատվության ենթարկելը, այլապես քաջալերվելու եւ կրկնվելու են հանրային գույքի եւ սեփականության նկատմամբ այսօրինակ ոտնձգությունները: Հետեւաբար, կոչ ենք ուղղում ՀՀ կառավարության եւ քաղաքապետարանի համապատասխան մարմիններին, չհակադրվելով հասարակական պահանջին եւ ստեղծված բարդությունը անտեղի երկարձգելու փոխարեն, երկխոսություն նախաձեռնեն բնապահպան ակտիվիստների ներկայացուցիչների հետ եւ քաղաքացիների իրավունքը ոտնահարող այս որոշումը սրբագրելով՝ կանխել ստեղծված լարվածության աննախատեսելի հետեւանքները: ՀՀ մարդու իրավունքի պաշտպան ինստիտուտին, կոչ ենք ուղղում, իր հանգամանքին անվայել հայտարարություն կատարելու փոխարեն, տեր կանգնի իր կոչումին՝ ջանք չխնայի նպաստելու քաղաքացիների իրավունքի պաշտպանությանը եւ լարվածության մեղմացմանը: Զսպվածության կոչ ենք ուղղում բոլորին, ստեղծված բարդությունը լուծելու՝ օրենքի սահմաններում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն