Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը


 

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը

  • 02-04-2012 16:52:15   | Հայաստան  |  Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նախագահին ներկայացվել է, որ Երեւանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երեւանի թիվ 1, թիվ 2 եւ թիվ 3 հաշվառման-քննական բաժանմունքները՝ կազմելով մեկ ստորաբաժանում: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի համաձայն, նորակառույց վարչական շենքում գործող այդ բաժինը՝ իր արդիականացված ծառայություններով եւ քննական ավտոդրոմով քաղաքացիներին կսպասարկի ս.թ. ապրիլի 3-ից: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորակառույց շենքում, ծանոթացել տրանսպորտային միջոցների զննության կայանի աշխատանքին, հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման եւ տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացներին, դիտել քննական ավտոդրոմը: Նախագահին զեկուցվել է, որ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման եւ վարորդական վկայականների հատկացման պարզեցված նոր ընթացակարգերի գործարկմամբ զգալիորեն կկրճատվի այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակը: Մասնավորապես, հաշվառման եւ գրանցման համար ներկայիս 1-2 ժամվա փոխարեն այն կտեւի 30-35 րոպե: Արդյունքում՝ էապես կնվազեն նաեւ առաջացող հերթերը, կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Վերոնշյալ բարեփոխումների իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ՝ ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին: Նշվում է նաեւ, որ Ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական նոր ստորաբաժանման ստեղծմամբ եւ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ու վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների շրջանակում, մասնավորապես՝ 1. նախատեսվում է տրանսպորտային միջոցների գրանցումը, հաշվառումը եւ վարորդական վկայականների հատկացումն իրականացնել հոսքագծի եղանակով` առանց գրավոր դիմում ներկայացնելու, 2. տրանսպորտային միջոցի գրանցումից եւ հաշվառումից հանելու առանձին գործընթաց այլեւս չի իրականացվելու, փոխարենը նոր սեփականատիրոջ անվամբ գրանցման հետ միաժամանակ տրանսպորտային միջոցը հանվելու է նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից եւ հաշվառումից, 3. հանվել է տրանսպորտային միջոցի գրանցումը եւ հաշվառումը սեփականատիրոջ հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանումում իրականացնելու պարտադիր պահանջը, եւ ցանկացած ստորաբաժանումում հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրում հաշվառված անձի տրանսպորտային միջոցի գրանցում եւ հաշվառում, ինչի արդյունքում` վերանում է տարանցիկ համարանիշերի համար սահմանված 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը, 4. հանվել է տրանսպորտային միջոցի օտարման կապակցությամբ գրանցման եւ հաշվառման գործողություն կատարելու ժամանակ նախկին սեփականատիրոջ կողմից ապահովագրական (ԱՊՊԱ) պայմանագիր կնքած լինելու հանգամանքը պարզելու եւ որպես դրա հետեւանք` ապահովագրական պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթ իրականացնելու պարտականությունը, 5. որեւէ կարգի վարորդական վկայական ունեցող անձը նոր կարգ ստանալու համար այլեւս չի հանձնի տեսական քննությունը, եւ վարորդական վկայականը կստանա միայն գործնական քննության արդյունքների հիման վրա, ինչի արդյունքում վերանում է տեսական քննության համար սահմանված 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը, ավելին` վարորդական վկայական ստանալու գործնական քննությունը, ներկայիս երկու փուլի (ավտոդրոմում եւ ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում) փոխարեն, անցկացվելու է մեկ փուլով (միայն ավտոդրոմում), 6. տրանսպորտային միջոցի գրանցման, հաշվառման եւ վարորդական վկայական ստանալու բոլոր գործերը եւ մատյանները վարվելու են էլեկտրոնային եղանակով` հաշվառման շտեմարանների տեսքով, իսկ տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր պայմանագիրը կազմվելու է ավտոմատ` համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա, 7. փոխվել է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման աճուրդային կարգը, եւ այդ համարանիշերը հատկացվելու են սահմանված գնի վճարման դիմաց, այսինքն տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ սեփականատերը հնարավորություն կունենա ընտրել ցանկացած ազատ համարանիշ, եւ տրանսպորտային միջոցը նույն պահին կհաշվառվի այդ համարանիշով (Երեւանի հաշվառման-քննական բաժնում վճարովի համարանիշերի պատրաստումը եւս իրականացվելու է տեղում), 8. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը եւ վարորդական վկայականը կտրվի տեղում` անմիջապես գործողությունը կատարելուց հետո:
Նոյյան տապան  -   Հասարակություն