Վահան Հովհաննիսյան. «Եվրանեսթ» ԽՎ-ն վերածվեց հակահայկական քարոզչության դաշտի
03-04-2012 16:59:26 | Ադրբեջան | Քաղաքական
Բաքվում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անսպասելի ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` կոշտ ձեւակերպումներով անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Ինչպես Բաքվից «yerkir.am»-ին հայտնել է «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, «Ալիեւի ելույթը բավականին կոշտ շեշտադրումներով էր: Ակնհայտ էր, որ ելույթն ուղղված էր նաեւ եվրոպացի գործընկերներին: Ինչպես միշտ, նա հին երգն էր երգում, «օկուպացված» տարածքներից էր խոսում, թե իբր հայերը ֆաշիստներ են, Ցեղասպանություն են իրագործել, կանանց եւ երեխաների են սպանել...»,- նշել է Հ. Սահակյանը եւ հավելել, որ ելույթը բավական երկար էր, անսպասելի, քանի որ ի սկզբանե ասվել է, որ «Եվրանեսթը» նման ելույթների հարթակ չէ:
Ըստ նույն լրատվամիջոցի, «Եվրանեսթ» ԽՎ Բյուրոյի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այդ ելույթի կապակցությամբ ներկայացրել է Հայաստանի պատվիրակության բողոքը: Փաստաթղթում, որը բաժանվել է Վեհաժողովի մասնակիցներին, մասնավորապես, նշվում է.
«Ես կցանկանայի հետ կանչել այն նամակը, որն ուղարկել եմ Բյուրոյի բոլոր անդամներին մինչեւ «Եվրանեսթ»-ի երկրորդ լիագումար նիստը, որը տեղի ունեցավ Բաքվում:
Ես փորձել եմ զգուշացնել Բյուրոյի բոլոր անդամներին, որ այս Վեհաժողովը կարող է չարաշահվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ովքեր հայտարարություններ կարող են անել` վնասելով համագործակցության հիմնական ոգին:
Ցավոք, մենք Բաքվում ականատես եղանք այն բանին, ինչը կանխատեսվում էր. «Եվրանեսթ»-ի ԽՎ-ն վերածվեց պատմության անբարեխիղճ ընթերցման եւ միջազգային իրավունքի կողմնակալ մեկնաբանման վրա հիմնված հակահայկական քարոզչության դաշտի:
«Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակությունը հայտնում է իր խորին դժգոհությունը Ադրբեջանի կողմից հյուրընկալության արտոնությունները չարաշահելու կապակցությամբ: Մենք կոչ ենք անում Վեհաժողովին` ավելի զգուշորեն ընտրել անցկացման վայրը, որպեսզի չհնչեն հայտարարություններ, որոնք կարող են ոչնչացնել փոխըմբռնման, համագործակցության ոգին, որը մենք ձեռք ենք բերել` բազում խնդիրներ հաղթահարելով:
Վախենում եմ, որ այդ խնդիրները վերադառնում են»:
Իսկ Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն իր ելույթում ընդգծել է, որ «Հայաստանը միացավ «Եվրանեսթին», վստահ լինելով, որ Արեւելյան համագործակցությունը մի համայնք է, որի բոլոր անդամները ունեն հավասար պարտականություններ, սկզբունքներ, արժեքներ եւ, որ ամենակարեւորն է, հարգում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները եւ ազատությունը:
Մենք միացանք «Եվրանեսթին», վստահ լինելով, որ կկարողանանք համատեղ ուժերով ստեղծել քաղաքական եղանակ, որտեղ կառուցողական երկխոսություններ կլինեն` հիմնված ըմբռնումի եւ հարգանքի վրա:
Ցավոք, այսօր առավոտյան Վեհաժողովը սկսվեց մի հայտարարությամբ, որում ոչ միայն բացակայում էր իրավիճակի օբյեկտիվ նկարագրությունը, այլեւ այն խոչընդոտ է ԼՂՀ հակամարտության կարգավորման համար, նաեւ խանգարում է «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովին` ստեղծելու քաղաքական շրջանակ անդամ երկրների միջեւ համագործակցություն եւ ձեւավորելու ժողովրդավարություն:
Որպես ՀՅԴ կուսակցության անդամ, Սոցինտերնի հիմնադիր անդամ`ես չեմ կարող հանդուրժել այն հանգամանքը, որ ինձ ընդունում են որպես ֆաշիստի, անկախ նրանից, թե ով է նման հայտարարություն անում, եւ հատկապես` այն երկրում, որտեղ մեր սոցիալիստ ընկերներն են ձերբակալվում` իրենց քաղաքական հայացքները հայտնելու համար»,- իր ելույթում հայտարարել է Լիլիթ Գալստյանը: