Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետին


 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետին

  • 03-04-2012 18:18:16   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները, համահունչ հայ եւ բուլղար ժողովուրդների պատմական բարեկամությանը, առաջընթաց են ապրում եւ զարգանում` ընդգրկելով համագործակցության տարբեր ոլորտներ: Նորին Սրբությունն անդրադարձավ անցյալ դարում Հայ Եկեղեցու եւ ժողովրդի կրած դժվարություններին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այժմ հայ ժողովուրդը, հաղթահարելով իրեն բաժին ընկած դժվարությունները, հոգեւոր վերազարթոնք է ապրում ինչպես Հայրենիքում, այնպես եւ Սփյուռքի տարբեր համայնքներում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Բուլղարիայի հայոց թեմի եւ հայ համայնքի կյանքին, Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի` թեմի առաջնորդական տեղապահ նշանակմանը` ի դեմս վարչապետի գնահատանք հայտնելով Բուլղարիայի իշխանություններին հայ համայնքի, բուլղարահայության պատմամշակութային հոգեւոր ժառանգության հանդեպ ցուցաբերվող խնամքի եւ ուշադրության համար: Վեհափառ Հայրապետը ուրախությամբ հաստատեց, որ Աստծու կամքով առաջիկային ավարտին կհասցվի Սոֆիայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու կառուցումը: Իր հերթին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, անդրադարձավ Բուլղարիայում եկեղեցի-պետություն հարաբերություններին, մասնավորաբար պետության զորակցությանը Բուլղար Եկեղեցուն` պատմական վանքերի ու եկեղեցիների նորոգման եւ նոր եկեղեցիների կառուցման գործում: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` տիար Բորիսովն կարեւորեց պատմության ընթացքում երկու ժողովուրդների կերտած բարեկամության ու կապերի պահպանումը եւ հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում Բուլղար Ուղղափառ Եկեղեցու եւ Բուլղարիայի հոգեւոր կյանքի վերարթնության մասին նաեւ տեղեկություններ փոխանցեց պատվիրակության անդամ Նաթանայել միտրոպոլիտը: Վերջում Նորին Սրբությունն եղբայրական իր սերն ու բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Մաքսիմ պատրիարքին` վերստին իր աղոթքն ու օրհնությունը բերելով Բուլղարիային եւ բուլղար ժողովրդին:
Նոյյան տապան  -   Հասարակություն