Նոր Խարբերդ եւ Նոր Կյուրին գյուղերին ջուր մատակարարող խողովակաշարը, որը սկիզբ էր առնում «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարից, կառուցվել էր տասնամյակներ առաջ եւ գտնվում էր տեխնիկապես անմխիթար վիճակում: Վթարներն այստեղ շարունակական էին, ինչը ոչ միայն ջրի կորուստ էր առաջացնում, այլեւ վտանգում ջրի որակը:
Հաշվի առնելով տվյալ հանգամանքը, «Երեւան Ջուր» ՓԲԸ որոշում էր կայացրել նոր խողովակաշարի կառուցման վերաբերյալ` 13,7 մլն դրամ ընդհանուր արժեքով: Հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել «Շինմաստեր» ՍՊԸ-ն, որին եւ հանձնարարվել էր կառուցել 240 մետր երկարությամբ 315մմ տրամագիծ ունեցող նոր խողովակաշար պոլիէթիլենից:
Ինչպես տեղեկացրեց ընկերության Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի աշխատակից Արմեն Մովսիսյանը, այդ ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել, կապված բարդ տեղանքի (ջրատարն անցնում է ձորով) եւ եղանակային պայմանների հետ: Ի վերջո, օգտվելով վերջին բարենպաստ օրերից, «Շինմաստերը» կարողացել է աշխատանքներում ներգրավվել համապատասխան տեխնիկա եւ ապրիլի 4-ին ավարտել նորակառույց խողովակաշարի միացման աշխատանքները, մի կողմից` «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարին, մյուսից` Նոր Խարբերդ եւ Նոր Կյուրին գյուղերի ներքին ցանցին: