Ապրիլի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ բարեկամական հարաբերություններին, որոնց համար կարեւոր հիմք են ծառայում երկու ժողովուրդների դարավոր կապերը եւ հայ համայնքի պատմական ներկայությունը Կիպրոսում: Նորին Սրբությունը կարեւորեց Հայաստանի եւ Կիպրոսի համագործակցությունը միջազգային կառույցներում` ի խնդիր երկու ժողովուրդների շահերի պաշտպանության:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Կիպրոսի կառավարությանը` հայ համայնքի հոգեւոր եւ ազգային կյանքի, կրթական ու մշակութային հաստատությունների հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:
Իր հերթին Կիպրոսի ԱԳ նախարարն անդրադարձավ հայ համայնքի դերակատարությանն երկրի կյանքում` ընդգծելով, որ հայ համայնքը հարստացնում է Կիպրոսն ու նրա մշակույթը եւ ամուր կամուրջ է հանդիսանում երկու ազգերի միջեւ:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկեցին նաեւ Հյուսիսային Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող, համամարդկային արժեք ներկայացնող քրիստոնեական սրբավայրերի մտահոգիչ վիճակը: Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու օրհնությունը հղեց Կիպրոսի ժողովրդին` մաղթելով, որ Կիպրոսի խնդիրն իր արդար լուծումը գտնի: