Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Նորք-Մարաշ վարչական շրջանում էր: Այս վարչական շրջանն ի տարբերություն մայրաքաղաքի մյուս վարչականների, բաղկացած է բացառապես մասնավոր տնատիրություններից, ինչն իր հերթին որոշակիորեն տարբերակում է նաեւ այստեղի խնդիրներն ու դրանց տրվող լուծումները: Ըստ այդմ այստեղ անգամ նեղ, փակուղային փողոցների ասֆալտապատումը դիտարկվել է առաջնահերթ ու ներառվել է տարեկան ծրագրում: Դրանցից մեկի` Գայլաձորի փողոցում իրականացված աշխատանքին ծանոթացել է նաեւ քաղաքապետը: Հին նորքեցիներն իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը բարեկարգելու համար, քաղաքապետն էլ վստահեցրել է, որ բնակիչների կողմից բարձրացված հարցերը աստիճանաբար լուծում կստանան: Քաղաքապետն ավելացրել է նաեւ, որ առաջնահերթ մի շարք ծրագրեր արդեն իսկ ընթացքի մեջ են.
<< Մայրաքաղաքի արդեն հաստատված նոր երթուղային ցանցով նախատեսում ենք ավելացնել Նորք-Մարաշ մտնող երթուղիների քանակը, որի արդյունքում հիմնականում կլուծենք բնակիչների կողմից հաճախ բարձրացվող տրանսպորտի հետ կապված խնդիրը: Արդեն սկսել ենք փողոցների բարեկարգման աշխատանքները: Նախատեսում ենք նաեւ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել, նպատակ ունենալով առաջիկա տարիներին վերականգնել նաեւ Նորքի բարձունքի անտառային շերտը:>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը այցելել է նաեւ թիվ 121 նախադպրոցական ուսումնական հաստատություն եւ հետեւել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի շատ թվով երեխաներ ընդունել մանկապարտեզ, ինչն այսօր ըստ էության վարչական շրջանում առաջադրվող հիմնական խնդիրներից մեկն է: Սա կլինի թվով երկրորդ հիմնանորոգված մանկապարտեզը, ինչն իսկապես կթեթեւացնի այդ գծով առկա պահանջարկը: Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին: Քաղաքապետը շրջել է նաեւ մանկապարտեզի գործող խմբերում, ծանոթացել փոքրիկների առօրյային:
<<2011թ.-ին մենք ամբողջությամբ լուծեցինք քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ջեռուցման խնդիրը: Այսօր քայլեր ենք ձեռնարկում դպրոցներում նույնպես այդ խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը եղել է նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, ծանոթացել այստեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Վարչական շրջանի պատասխանատուները զեկուցել են, որ տարածքը բարեկարգումից հետո նորքեցիների համար կդառնա հանգստի ու ժամանցի յուրօրինակ գոտի:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են,որ շրջայցից հետո հանդիպելով վարչական շրջանի աշխատակազմի հետ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետեւողական լինել քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերին եւ հնարավորին սեղմ ժամկետներում լուծումներ տալ դրանց:
<<Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել սոցիալապես անապահով խավերի հետ տարվող աշխատանքներին: Պատասխանատուները պարտավոր են տեղյակ լինել մարդկանց հուզող բոլոր խնդիրներին, արագ արձագանքել եւ հնարավորին լուծումներ տալ դրանց>>,-նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հստակ հանձնարարականներ է տվել նաեւ քաղաքապետարանի ծրագրերով ընթացող աշխատանքները համակարգված կազմակերպելու եւ սահմանված ժամկետներում ավարտելու ուղղությամբ: