Խաչատուր Քոքոբելյան. Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք տեր կանգնել մեր քվեներին


Խաչատուր Քոքոբելյան. Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք տեր կանգնել մեր քվեներին

  • 05-04-2012 19:40:27   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 5-ին բացվել է «Ժառանգության» կենտրոնական շտաբը, որտեղից խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ղեկավարվելու է կուսակցության նախընտրական արշավը: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբից, բացման կապակցությամբ ասուլիսով հանդես է եկել «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Նա հակիրճ ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ռազմավարությունը, մարտավարությունը եւ ձեւաչափը: «Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք տեր կանգնել մեր քվեներին, տեղյակ ենք, թե ինչ կեղծիքներ կարող են լինել եւ բոլորի դիմացն առնելու ենք: Խելքին պատասխանելու ենք խելքով, ուժին՝ ուժով»,- նշել է Քոքոբելյանը: Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների հարցերին: «Ժառանգությանե նախընտրական շտաբը, ըստ Քոքոբելյանի, օգտվելու է հեռուստատեսային եւ ռադիո եթերի վճարովի ու անվճար բոլոր հնարավորություններից, տեղադրելու է իր նախընտրական վահանակները (billboard) ամբողջ հանրապետության տարածքով մեկ: Ասուլիսից հետո լրագրողներին ներկայացվել է «Ժառանգության» www.heritage.am ինտերնետային կայքի նոր, թարմացված տարբերակը, որն ինտերակտիվ է, հարմարեցված է նախընտրական քարոզարշավի ռազմավարությանը: Լրագրողները տեղեկացել են նաեւ «Ժառանգության» ընտրապայքարի կարգախոսներին: Հիմնական կարգախոսն է` «Գալի՜ս ենք…», իսկ նշանաբանները` «Միասին սարե՜ր ենք շարժելու», ,«Մի՜շտ ժողովրդի կողքին» եւ «Աշխատա՜նք, ոչ թե ողորմություն»: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական շտաբի հասցեն է` Երեւան 0002, Մոսկովյան 31: Շտաբի լրատվական ծառայության նոր հեռախոսահամարն է` (374) 55052803, հեռապատճեն` (57410) 532697, էլեկտրոնային փոստը` [email protected]:
Նոյյան տապան  -   Քաղաքական