Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


 

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

  • 06-04-2012 13:59:34   | Հայաստան  |  Հասարակություն

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել, սակայն, իմանալով իրողությունը, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38): Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Աննկարագրելի եւ անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու կամ երբեմն ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես եւ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրեւ նոր կյանք պարգեւող էակներ: Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, եւ կարեւորագույն քաղաքը կոչում ենք քաղաքամայր: Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով եւ մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես եւ մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգեւոր ծնունդը: Սնունդ ենք առնում եւ ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զորացնում է մեր միտքն ու բանականությունը: Ապրիլի 7-ին եկեղեցիներում ամբողջ օրվա ընթացքում կկատարվի հղի կանանց եւ մայրերի օրհնության կարգ: ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ. ԶԱՏԻԿ Այս տարի ապրիլի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, եւ թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա Մարմինն իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մի մեծ քարով: Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր՝ Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երեւում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս Հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը» (Ա Կորնթ. ԺԵ 13-14): Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում։ Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար։ Ս. Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի, եւ, ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ։ Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»։ Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան` այս տարի ապրիլի 7-ի երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից, եւ սկսվում են զատկական տոնակատարությունները: Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով. պատասխանն է՝ «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»: Ապրիլի 7-ին` ժ. 18.00-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որից հետո մարդիկ դուրս կգան պահքից եւ կսկսեն տոնել Ս. Հարության տոնը: Ապրիլի 8-ին` ժ. 11.00-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ կմատուցի: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից հայտնում են, որ ապրիլի 9-ին` հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից եւ հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն