Տեղի է ունեցել Որակի ապահովման և կարիերայի կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը


Տեղի է ունեցել Որակի ապահովման և կարիերայի կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը

  • 06-04-2012 15:27:01   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երեւանի «Գլաձոր» համալսարանում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Որակի ապահովման եւ կարիերայի կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ ամեն անգամ «Գլաձոր» համալսարան այցելության ընթացքում նա ականատես է լինում զարգացման մի նոր ծրագրի եւ ընդգծել է ռեկտորի խստապահանջությունը` բուհի զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում: «Ուզում եմ շեշտել, որ կրթության եւ գիտության նախարարության համար չկա տարբերություն պետական եւ ոչ պետական բուհերի միջեւ: Մեր քաղաքականությունն ուղղված է բոլոր բուհերի համար միասնական դաշտի եւ հավասար պայմանների ապահովմանը: Պետության համար գերակայություն է ոչ թե բուհի կազմակերպաիրավական ձեւը, այլ որակյալ կրթական ծառայություների մատուցումը: Ցավոք, այսօր ոչ բոլոր պետական եւ ոչ պետական բուհերն են դա ապահովում: Եվ ուրախալի է, որ «Գլ աձորը» այն առաջամարտիկներից է, որն աչքի է ընկնում իր մեծ դինամիզմով, բարեփոխումներում լիովին մխրճվածությամբ, պետական գերակայության շրջանակում միջոցառումների ապահովման ցանկությամբ»,-ընդգծել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ նմանատիպ կենտրոնների բացումը նաեւ հրամայական է միջազգային կրթական զարգացումների շարքում: «Որակի ապահովման խնդիրներն այսօր դարձել են անկյունաքար եւ սկզբնակետ. դրանից են ածանցվում մնացած բոլոր հարցերը` դիպլոմների ճանաչման, ֆինանսավորման եւ այլն: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ կրելու է շարունա կական բնույթ: Մենք շահագրգիռ ենք, որ Հայաստանում շատ արագ իրականացվեն բոլոր այն բարեփոխումները, որոնք միտված են բարձրագույն կրթության ապահովմանը եւ մեր լիարժեք ինտեգրմանը եվրոպական բարձրագույն կրթական տարածք»,-նշել է նախարարը` ուսանողներին կոչ անելով կյանքի այս ժամանակահատվածը դիտարկել ոչ միայն երիտասարդության շրջանի հիշվող էջերից մեկը, այլեւ տարիներ, երբ կուտակվում է «ողջ կյանքի համար երբեք չարժեզրկվող եւ իր կայուն տեղն ունեցող տարադրամը, այն է` գիտելիքը»: Միջոցառման ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր «Գլաձոր» համալսարանի եւ «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միություն» հասարակական կազմակերպության միջեւ: Կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ առաջին անգամ փորձ է արվում նման համաձայնագիր կնքել ոչ պետական բուհի հետ: Ըստ Ա. Ղազարյանի` նման համագործակցության նպատակն է օգնել ուսանողներին` ստանալ տնտեսության պահանջարկից բխող կրթություն եւ արժանավայել աշխատանք գտնել: Եվ որպես նախաձեռնության գործնական արդյունք` կազմակերպության նախագահն առաջարկել է ներկայացնել մեկ թեկնածություն` «Ապավեն» ընկերությունում աշխատելու համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ