«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 20-ը անցկացվում է գծի, հարակից տարածքների եւ արհեստական կառույցների գարնանային ամբողջական զննումը: Զննումն անցնում է գծի, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի եւ կապի տնտեսությունների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Այն ուղղված է նշված տնտեսություններում առկա խնդիրների բացահայտմանն ու վերացմանը, գնացքների անվտանգ երթեւեկության ապահովմանը, գարնանային եւ ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստմանը:
Բացի այդ ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 31-ը կանցնի լոկոմոտիվների եւ շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթեւեկությունն ապահովող սարքավորումների վիճակին, օդափոխության համակարգին, իսկ զննման ընթացքը ամեն շաբաթ դիտարկվելու է սելեկետորային խորհրդակցության ընթացքում: