Հաստատվել է ռազմական արդյունաբերության համալիրի բարեփոխման ծրագիրը
12-04-2012 19:35:52 | Հայաստան | Հասարակություն
Ապրիլի 12-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է ՀՀ ռազմական արդյունաբերության համալիրի բարեփոխման եւ զարգացման ծրագիրը: Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ծառայելու է այս հզոր ոլորտի զարգացմանը, ոլորտ, որը կարող է մեծ ներուժ պարունակել տնտեսության ընդհանուր առաջընթացի տեսակետից եւ կօգնի գտնել Հայաստանի տեղը եւ մասնագիտացումը ռազմական արդյունաբերության մեջ,
Կառավարությունը հաստատել է նաեւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան 2007-2010 թթ.), «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը,
ՀՀ 2012-2014 թթ. հողերի ագրոքիմիական հետազոտության եւ բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը, ծրագրի բյուջեն եւ իրականացման միջոցառումները: Վերջինիե իրականացումը հնարավորություն կընձեռի ամեն տարի երկրի 141 համայնքում ունենալ հողերի սննդատարրերով ապահովվածությունն արտացոլող ագրոքիմիական քարտեզներ եւ մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որոնց միջոցով պարարտանյութերը կօգտագործվեն խնայողաբար եւ նպատակային, կբարձրանան հողի բերրիությունը եւ մշակաբույսերի բերքատվությունը,
Կառավարության նիստում հաստատվել են «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով եւ ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության եւ օժանդակ նյութերի մշակում եւ տրամադրում», «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում եւ հրատարակում» ծրագրերի ֆինանսավորման չափերը, ինչպես նաեւ շախմատ առարկայի դասագրքերի, խնդրագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների համար նախատեսված ավելի քան 114 մլն դրամը տրամադրել «Հայաստանի շախմատային ակադեմիա» հիմնադրամին: Կառավարությունը հաստատել է նաեւ ՀՀ արդարադատության նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման, հանրապետական եւ տարածքային մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը։
Գործադիրը հավանություն է տվել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համաձայնագրի նախագծին, որով կկարգավորվի պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետը, դրա դադարման ժամանակ կոնցեսիոն ակտիվների վերադարձման, գույքային իրավունքի փոխանցման մեխանիզմները։
«Հայկական տպագրության 500-ամյակը» եւ «Երեւանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերով համաքաղաքային միջոցառումների բացման արարողության եւ հանդիսավոր համերգի կազմակերպման նպատակով «Գիրք» հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 300 մլն 300 հազար դրամ։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի, Բոլոնիայի քարտուղարության 4-րդ համաժողովի անցկացման եւ 2012 թ. հուլիսի 1-ից 2015 թ. հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնմանը։ ՀՀ ֆինանսների եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարներին հանձնարարվել է միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար 2013-2015 թթ. պետբյուջեով նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցները։
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարությունների միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արգենտինայի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Գործադիրը Երեւանի «Էլեկտրոն» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգել է հինգ տարով։
Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի (Փայահանի) եւ Քարահունջի գյուղական համայնքների հողերի մի մասը` փոքր հիդրոէլեկտրակայանների եւ օժանդակ կառույցների շինարարության համար։
Կառավարության որոշմամբ Ժնեւի կոնսերվատորիայի մագիստրատուրայի սան, ֆլեյտահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Ավագյանին եւ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար խաղացող Էդգար Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել համապատասխանաբար մինչեւ 2013 թ. գարնանային եւ աշնանային զորակոչը։