«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի հիմնական թեման տեխնոլոգիական լուծումների և ապրանքների առևտրայնացումն է


«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի հիմնական թեման տեխնոլոգիական լուծումների և ապրանքների առևտրայնացումն է

  • 13-04-2012 12:55:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 14-15-ին Դիլիջանում կայանալիք «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում այս անգամ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարները կքննարկեն տեխնոլոգիական լուծումների եւ ապրանքների առեւտրայնացումը: Օրակարգային թեմաներից են` • Տեխնոլոգիա, Նորարարություն, Կլաստերային զարգացում • Ազատ տնտեսական գոտիները եւ դրանց դերը տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման գործում • Տեխնոպարկերի եւ ինկուբատորների դերը` որպես տեխնոլոգիական ձեռներեցության կարեւոր խթան • Տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման եւ հարկային խնդիրներ • Տեխնոլոգիական ձեռներեցության համար անհրաժեշտ հատուկ ենթակառուցվածքների զարգացում • Տնտեսությունում առկա տեխնոլոգիական խնդիրների ՓՄՁ եւ նորաստեղծ ընկերություններին հասանելիության ապահովում եւ այլն: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեց ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Ռուզան Ապրեսյանը, ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, հետաքրքրված տարբեր ոլորտների ընկերությունների, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների եւ մամուլի շուրջ 70 ներկայացուցիչներ։ Ֆորումի կազմակերպում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ