Արմեն Աշոտյան. «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն այսօր պատուհան է դեպի տեղեկատվական հսկայական աշխարհ»
13-04-2012 17:46:44 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
"Կրթության որակ եւ համապատասխանություն" վարկային երկրորդ ծրագրի շրջանակում այսօր “Յունիքոմփ” ընկերությունում ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվել են համակարգչային սարքավորումներ` վարչակառավարչական գործառույթների համակարգչայնացման նպատակով: Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, կարեւորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը հանրակրթական հաստատություններում, նշել է, որ վերոնշյալ ծրագրով հանրապետության 1360 դպրոցի կտրամադրվեն 1410 համակարգչային սարքավորումներ` համակարգիչ, բազմագործառութային տպիչ եւ հոսանքի անխափան սնուցման սարք: "Այսօր համակարգիչը ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառումը հանրակրթության որակի բարձրացման կարեւորագույն գործիքներից մեկն է: Եթե երեք տարի առաջ համակարգիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/38 էր, ապա այսօր այդ ցուցանիշը մոտ է եվրոպական միջինացված ցուցանիշին, այն է` 1/22: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն այսօր պատուհան է նաեւ դեպի տեղեկատվական հսկայական աշխարհ եւ նոր մեդիա հնարավորություններ: Բացի այդ, վերջին տա իներին ստեղծվել է նաեւ հայալեզու կրթական բովանդակություն` տասնյակ էլեկտրոնային դասագրքեր, հայալեզու էլեկտրոնային շտեմարան Սփյուռքի կրթօջախների համար, առցանց վերապատրաստման դասընթացներ` գրադարանավարների համար, դպրոցական կառավարման էլեկտրոնային համակարգ եւ այլն: Նշված գործընթացը վերաբերում է նաեւ մասնագիտական կրթության ոլորտին, մասնավորապես, կրթության հասանելիության եւ մատչելիության համատեքստում մարզային բուհերում դիստանցիոն կրթության հնարավորությունների ընդլայնմանը",-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ վերջերս Հայաստանի պետական ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղում բացվել է երկու վիրտուալ լսարան, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն դասախոսություններ լսել Երեւանի բուհերի լավագույն դասախոսների մատուցմամբ: "Սակայն դպրոցում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների լիարժեք ներդրումը ենթադրում է, որ այդ տեխնոլոգիաները կիրառվում են ոչ միայն դասավանդման եւ ուսումնառության, այլեւ դպրոցի վարչակառավարչական գործառույթների համակարգչայնացման գործընթացում: Ծրագրի իրագործումը թույլ կտա բարձրացնել դպրոցների էլեկտրոնային կառավարման արդյունավետությունը, արդիականացնել եւ հեշտացնել վարչարարությունը, կրթական գործընթացն առավել կազմակերպված, միասնական եւ հաշվետու դարձնել, ինչպես նաեւ անմիջական տեղեկատվական կապ հաստատել դպրոցների եւ կրթության եւ գիտության նախարարության միջեւ, առավել լիարժեք օգտագործել տեխնոլոգիաների ներուժը դպրոցում",- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ դպրոցներին փոխանցվող որակյալ եւ ժամանակակից համակարգիչներում առաջիկայում կտեղադրվի դպրոցների վարչակառավարչական գործառույթների իրականացման համար մշակված հատուկ ծրագիր: Կկազմակերպվեն նաեւ վերապատրաստման դասընթացներ, որոնց կմասնակցեն հանրապետության դպրոցների համապատասխան աշխատակիցները: Համակարգիչների առաքման աշխատանքները մեկնարկել են Սյունքիի մարզից, եւ ըստ ժամանակացույցի դրանք մոտ ապագայում կտրամադրվեն բոլոր հասցեատերերին: Անդրադառնալով դպրոցներում համացանցի օգտագործման խնդիրներին` նախարարը նշել է, որ հանրապետության դպրոցների 98 տոկոսը մինչեւ տարվա վերջ համակցված կլինի ինտերնետին եւ կմիանա միասնական դպրոցական ցանցին: Բացի այդ, համացանցը մուտք կգործի այնպիսի համայնքներ, որտեղ այն կլինի հասանելիության բացառիկ կետ, ըստ այդմ` ուսումնական հաստատություններում առկա համացանցը նաեւ սոցիալական ծառայություն կմատուցի համայնքին:
"Կրթության որակ եւ համապատասխանություն" վարկային առաջին ծրագրով 2004-2009 թթ. ընթացքում ՀՀ 1153 դպրոց համալրվել Է համակարգչային սարքավորումներով: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում դպրոցներին են տրամադրվել 6041 համակարգիչ, 844 տպիչ, 674 սկաներ, 272 պրոյեկտոր, ինչպես նաեւ այլ համակարգչային սարքավորումներ: Դպրոցների մեծ մասում անցկացվել են տեղական տարածքային ցանցեր: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով տարբեր աղբյուրներից ստացված սարքավորումները, ՀՀ հանրակրթական դպրոցները հագեցված են շուրջ 16535 համակարգիչներով: