Մաշտոցի պուրակում ստեղծված դրությունը շարունակում է մնալ անփոփոխ


Մաշտոցի պուրակում ստեղծված դրությունը շարունակում է մնալ անփոփոխ

  • 13-04-2012 20:03:02   | Հայաստան  |  Հասարակություն
Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը ապրիլի 13-ին հանդես է եկել հայտարարությամբ` վերահաստատելով իր վճռականությունը պուրակում օրենքի գերակայությունը վերականգնելու գործում։ Հայտարարության մեջ ասված է. «Մարտի 31-ից հետո` անցած երկու շաբաթվա ընթացքում, բացահայտվեց, որ մեր պետության ու հանրության բոլոր կառույցները (ներառյալ Երեւանի քաղաքապետարանը), ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում են, որ իսկապես անհրաժեշտ է վերջ տալ մեր քաղաքի ճարտարապետական միջավայրը եւ բնական ռեսուրսները մասնավոր շահերի օգտին զոհաբերելու արատավոր պրակտիկան: Աբովյան փողոցից ապամոնտաժված տաղավարների սեփականատերն իր հերթին հայտարարեց, որ ինքը ոչ մի կապ չունի Մաշտոցի պուրակում «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից տաղավարների տեղադրման թույլտվության պայմանների ակնհայտ շեղումներով կառուցված ինքնակամ շինությունների հետ: Այնուհանդերձ, Մաշտոցի պուրակում ստեղծված անօրինական եւ համայնքի շահերը ոտնահարող դրությունը շարունակում է մնալ անփոփոխ: Չնայած նրան, որ երկրում կրիմինալ իրավիճակն օր օրի սրվում է, եւ իրավապահ մարմինների ծանրաբեռնվածությունը ընտրությունների անվտանգությունն ապահովելու գործում ակնհայտորեն աճում է, ոստիկանությունը շարունակում է պահպանել Մաշտոցի պուրակի ինքնակամ շինությունները: Ստեղծված իրադրությունը վկայում է, որ երկրում Սահմանադրությունը երաշխավորող մարմնի շարունակվող անգործությունն արդեն խնդիր է ստեղծում պետության ներքին անվտանգության համար: Գիտակցելով այս աննորմալ իրադրությանը վերջ տալու անհրաժեշտությունը` մենք ստիպված ենք կրկին ցուցաբերել մեր վճռականությունը Մաշտոցի պուրակում օրենքի գերակայությունը վերականգնելու գործում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն