Գյուղնախարարությունը գյուղացու կողքին չէ. Վկայում են Արարատի բնակիչները
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14-04-2012 15:06:02 | Արարատի մարզ | Տնտեսություն
Արարատի մարզում ջրի, վարելու, սերմի գումար չունենալու պատճառով գյուղացին ստիպված հրաժարվում է սեփական հողը մշակել: Ինչպես վկայում են տեղի բնակիչները, 1 հեկտր հողատարածք վարելու համար իրենցից 80 000-ից 100 000 դրամ գումար են պահանջում: Ստիպված նրանք 3000 դրամ օրավարձով աշխատում են հարուստների համար: Այս խնդիրը շատ լուրջ է, կարծում են ապրիլի 5-ին` Արարատի Օրհուս կենտրոնում, «Քո ձայնը լսելի դարձրու» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկման մասնակիցները: «Այսօր հողը մշակում է մի քանի հարուստ ընտանիք: Հենց իմ աղջիկն ունի 9000մ սեփականաշնորհված հող: Ինքն իր հողամասում ոչ մի բան չի կարողանում անել`մտածելով որ չի կարող վարել. օրենքը դրել են, որ կանխիկ պիտի գումարը մուծես: Գումար չունեն: Գյուղ տեղ է, աշխատավարձ չեն ստանում, թոշակառու չեն, դրսից ոչ մի եկամուտ ներս չի մտնում այդ ընտանիքը: Հեռուստատեսությամբ մենք շատ լսում ենք, գյուղնախարարության կողմից հաղորդում են` մենք գյուղացիների կողքին կանգնած ենք: Ճիշտ չեն ասում, ոչ մի ձեւով էլ կանգնած չեն: Վարկ են տալիս, բայց ինչքան են տուժվում այդ վարկի դիմաց: Սերմը բերել են, բայց չեն ասում, թե որ գյուղացուն են տվել, որ ցանի, բացարձակ ճիշտը չեն ասում, գյուղացին սերմ չունի, որ ցանի: Կգա ժամանակը, ոչ մի վարելահող չի մշակվի: Միայն մեծահարուստները կկարողանան դա անել»,- ասաց Արարատի Կանանց խորհրդի նախագահ Սեդա Դարբինյանը:
«Հեռուստատեսությամբ կառավարությունն ասում է` գյուղացիներին մենք ամեն ձեւով ընդառաջում ենք, բերքը կստանան, գումարը կտան, իսկ ներքին կարգով հրահանգ են տալիս ՋՕ-երին, ՋՕ-ն ասում է, փողը չտվեց, ջուր չտաս, թող գնա, բողոքի: Որոշումն իրենց ձեռքին է, գումարը չես տվել, ջուրը չեմ տալիս: Գնա քեզ պատեպատ տուր»,- ասում Արարատի ՇՊԱԿ-ի պատասխանատու Տիգրան Մաթեւոսյանը:
«Եթե ինչ-որ տեղ, գյուղացիների պահանջով եմ ասում, պայմանագիր կնքվի գյուղացու հետ եւ ժամանակ տրվի, որ գյուղացին աշնանը հողը մշակելուց եւ եկամուտ ստանալուց հետո վճարի վարձերը, ապա բոլորն էլ կմշակեն իրենց հողերը: Բայց երբ սկզբից պահանջում են բոլոր վարձերը, գյուղացին չի կարողանում վճարել. նրա տուն ոչ մի լումա չի մտնում»,- առաջարկում է Սեդա Դարբինյանը:
Արարատի Օրհուս կենտրոնի տվյալների համաձայն` Արարատյան դաշտավայրը արդեն իսկ կորցրել է 30 000 հա վարելահող: Հողերը ենթարկվում են ուժեղ աղակալման, եւ անապատացման գործընթացներն ավելի են ինտենսիվանում:
«Էկոլու» -ը հայտնում է, որ բնակիչները այս ահազանգերն ուղղում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանին (կոալիցիայի մեջ մտնող Օրինաց Երկիր կուսակցության անդամ), ով քաղաքական պատասխանատվություն է կրում գյուղատնտեսական ոլորտում բարեփոխումների համար, եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ով պատասխանատու է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի համար: