7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ է տնկվել Համաքաղաքային ծառատունկին


7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ է տնկվել Համաքաղաքային ծառատունկին

  • 14-04-2012 16:16:04   | Հայաստան  |  Տնտեսություն

Համաքաղաքային շաբաթօրյակին եւ ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երեւանի քաղաքապետի կոչին արձագանքել են մայրաքաղաքում գործող բոլոր պետական եւ հասարակական կազմակերպությունները, բիզնես կառույցները, առողջապահական, մշակույթի եւ ուսումնական հաստատությունները, համատիրություններն ու ընդհանրապես տասնյկակ հազարավոր երեւանցիներ: Վերջիններս մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից, նախապես համաձայնեցված վայրերում, իրենց ուժերով իրականացրել են ինչպես մաքրման եւ բարեկարգման, այնպես էլ ծառատունկի աշխատանքներ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, Հաղթանակ զբոսայգու տարածքում առավոտյան մասնակցել է ծառատունկի։ Դիվանագետները նշել են , որ Երեւանի քաղաքապետի այս նախաձեռնությունը կարեւոր ու գնահատելի է ոչ միայն բնապահպանության առումով, այլեւ ժողովուրդների բարեկամության եւս մեկ յուրօրինակ խորհրդանիշ է։ Այնուհետ Տարոն Մարգարյանը մշտադալար թույաներ է տնկել Եռաբլուրում, ինչով , ըստ էության , դրվել է այստեղ նախատեսվող շուրջ 12 հեկտար տարածությամբ անտառպուրակի հիմքը։ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքապետը ծառեր է տնկել Շողակաթ հեռուստաընկերության հարակից այգում։ Շաբաթօրյակի եւ ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նշված աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ միջոցներ։ Բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին եւս տրամադրվել են համապատասխան գործիքներ եւ հանձնարարվել է համատիրությունների միջոցով հատկապես բակային տարածքներում մաքրման, բարեկարգման եւ ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով բնակիչներին ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով եւ միջոցներով: Գարնանային ծառատունկի շրջանակում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում ապրիլի 14-ին տնկվել է շուրջ 7500 դեկորատիվ ծառ եւ ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տնկիներ են տրամադրվել նաեւ համատիրություններին։ Ծառատունկի համար քաղաքապետարանը տրամադրել է մայրաքաղաքի բնակլիմայական եւ էկոհամակարգին հատուկ համապատասխան տնկիներ։ Հարկ է նշել, որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով, Երեւեանի քաղաքապետարանի 2012թ. ծրագրով 16.000 գծամետր ոռոգման նոր ցանց կանցկացվի։ Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է մայրաքաղաքում ավելի քան 70.000 ծառ եւ թուփ տնկել, ինչը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվանից: Նախատեսվում է նաեւ զգալիորեն ավելացնել մայրաքաղաքի սիզամարգերն ու ծաղկապատ տարածքները: Ծառերին ու մշտադալար թփերին զուգահեռ՝ մայրաքաղաքում այս տարի ավելի քան 1 միլիոն 600 հազար հատ բազմերանգ ծաղիկ կտնկվի, ինչը երեք անգամ կգերազանցի նախորդ տարվա համանման ցուցանիշը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունտց հայտնում են, որ ընդառաջելով շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցելու Երեւանի քաղաքապետի կոչին, մայրաքաղաքում գործունեություն իրականացնող շինարարական կազմակերպությունները աղբի հավաքման եւ տեղափոխման նպատակով տրամադրել են անհրաժեշտ մեքենամեխանիզմներ։ Նշված աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 103 ինքնաթափ, 36 ամբարձիչ եւ 5 վերամբարձ կռունկ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն