Մայրաքաղաքի լուսավորվող փողոցների, բակերի ու այգիների քանակը համալրվում է


 

Մայրաքաղաքի լուսավորվող փողոցների, բակերի ու այգիների քանակը համալրվում է

  • 16-04-2012 15:10:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ մինչ օրակարգային հարցերին անցնելը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել երեւանցիներին, աշխատակազմի համապատասխան կառույցներին ու վարչական շրջաններին, ինչպես նաեւ պետական եւ ոչ պետական կառույցներին, ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին եւ ծառատունկին ակտիվ մասնակցության համար. <<Համատեղ, համակարգված ուժերով մենք, ըստ էության, եւս մեկ կարեւոր քայլ կատարեցինք <<Կանաչ Երեւան>> ծրագրի համար: Առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ շաբաթօրյակին ներգրավվել էին բազմաթիվ երեւանցիներ`մեծից փոքր, ովքեր հենց իրենց բակերում իրականացրին շաբաթօրյակն ու ծառատունկը: Հատուկ շնորհակալություն հենց նրանց, որ հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքի հանդեպ սերը միայն բառերով չի արտահայտվում: Վստահ եմ, որ նման հոգատարությամբ առաջնորդվելով կարճ ժամանակ անց մենք կունենանք մեր բոլորի երազած կանաչ, մաքուր ու բարեկարգ Երեւանը>>, - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել նորատունկ ծառերի հետագա խնամքին: Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում Երեւանն առավել գրավիչ դարձնելու եւ ընդհանուր երեւանյան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել մայրաքաղաքի շենքերի լվացման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները, ինչպես նաեւ կամարանցումների նկարազարդման գործընթացը: Զեկուցվել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների, բակային տարածքների եւ այգիների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Երեւան քաղաքի զարգացման ծրագրով միայն այս տարվա ընթացքում գիշերային լուսավորությամբ կապահովվի եւս 168 փողոց եւ բակ, ինչպես նաեւ 14 այգի: Քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաեւ նստարանների եւ աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի այս տարվա ծրագրով նախատեսված խոշոր ճանապարհաշինական ծրագրերը: Այս համատեքստում Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել, ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետեւելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու աշխատանքների որակին. << Հսկողությունը պետք է լինի ամենօրյա ոչ միայն կենտրոնական եւ երկրորդական փողոցների մասով, այլեւ լուրջ ուշադրություն պետք է դարձնել նաեւ բակային տարածքներում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակին>>,-շեշտել է քաղաքապետը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ եւս ուշադրություն է հրավիրվել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները GPS համակարգով եւ WiFi կապով համալրելու հարցին, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու եւ պայմանագրային պարտավորությունները կատարելու խնդրին: Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ արդեն գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու <<Կարապի լիճ>> ջրավազանը: Ի դեպ շուտով, քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի կենդանաբանական այգուց կարապներ կտեղափոխվեն <<Կարապի լիճ>> եւ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ամեն օր հիանալու լճում լողացող կարապներով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է նաեւ, որ այս տարի գործարկման նախապատրաստվող շատրվանային մյուս համալիրների ուղղությամբ աշխատանքները եւս կավարտվեն սահմանված ժամկետներում եւ կգործարկվեն մայիսի 1-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն