Ալեքսանդր Մանթաշով. «Պապս հպարտ կլիներ, որ իր արձանը, որպես մի մասունք իրենից, Երևանում է տեղադրվում»
18-04-2012 12:59:26 | Հայաստան | Հասարակություն
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Ալեքսանդր եւ Միքայել Մանթաշովներին:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երեւան են ժամանել հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշովը ու նրա որդին՝ Միքայել Մանթաշովը՝ մասնակցելու բարերարի արձանի բացման արարողությանը: Տարոն Մարգարյանը Մանթաշովներին հյուրընկալել է Երեւանի քաղաքապետարանում եւ շնորհակալություն հայտնել հյուրերին՝ հրավերն ընդունելու համար: <<Ալեքսանդր Մանթաշյանցին ողջ հայ ժողովուրդն է ճանաչում որպես բարերարի ու մեծ հայրենասերի: Մեծահարուստներ շատ է ունեցել հայ ժողովուրդը, բայց Մանթաշյանցը այն քչերից է, ում հայերս առիթ ունենք երախտապարտ լինելու հայրենանվեր գործունեության համար: Մեզ համար պատիվ է Երեւանի ամենապատմական փողոցում Մանթաշյանցի արձանը կանգնեցնելը: Վստահ եմ, որ երեւանցիները մեծ հպարտությամբ կընդունեն մեծանուն բարերարի արձանը>>,- նշել է քաղաքապետը:
Ալեքսանդր Մանթաշովը ողջ ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ այս նախաձեռնության համար: <<Պապս ապրել է Թբիլիսիում, մահացել է Սանկտ-Պետերբուրգում եւ վստահ եմ, որ հպարտ կլիներ, որ իր արձանը, որպես մի մասունք իրենից, Երեւանում է տեղադրվում>>,- ասել է Ալեքսանդր Մանթաշովը:
Քաղաքապետը փարիզաբնակ Մանթաշովներին հրավիրել է հաճախ այցելել Երեւան: <<Երրորդ անգամ եմ Երեւանում. առաջին անգամ 1973 թվականին են այցելել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով. երկրորդ անգամ 10 տարի առաջ եմ եղել Երեւանում: Ուրախ եմ տեսնել, որ Երեւանը այսքան գեղեցկացել եւ զարգացել է. շատ գեղեցիկ քաղաք է: Բնակիչներն էլ էներգիայով լեցուն են եւ կարծում եմ կօգնեն Ձեզ՝ քաղաքի շարունակական զարգացման գործում>>,- ընդգծել է Ալեքսանդր Մանթաշովը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը եւ Ալեքսանդր ու Միքայել Մանթաշովները ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին մասնակցելու են Աբովյան փողոցում Ալ. Մանթաշյանցի արձանի բացման արարողությունը: