Ռադիկ Մարտիրոսյան. Մեր կարեւորագույն խնդիրը մեր հետազոտական հենքի արդիականացումն է


Ռադիկ Մարտիրոսյան. Մեր կարեւորագույն խնդիրը մեր հետազոտական հենքի արդիականացումն է

  • 19-04-2012 13:26:25   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի Ազգային ժողովի կողմից «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, հստակեցվեց ԳԱԱ` որպես պետական լիազորված մարմնի, կարգավիճակը: Այս մասին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ապրիլի 19-ին նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ներկայացնելով 2011թ. ԳԱԱ համակարգի գիտական գործունեության արդյունքները: Կարեւորվեց նաեւ, որ կառավարության կողմից էլ հաստատվեց ԳԱԱ նոր կանոնադրությունը, որն ապահովում է ակադեմիական կյանքի դեմոկրատացումը, ակադեմիայի վարչական մասի կազմավորման գործընթացին ինստիտուտների գիտաշխատողների մասնակցությունը: Այն հնարավորություն է տալիս նաեւ գիտաշխատողներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, առեւտրայնացնել գիտական արդյունքների կիրառական մասը: ԳԱԱ կազմում ընդգրկված է 28 ինստիտուտ եւ 3 գիտական կենտրոն, 2012թ. հունվարի 1-ի դրությամբ, համակարգում ընդգրկված է 64 ակադեմիկոս, 61 թղթակից անդամ, նրանցից 34 ակադեմիկոս եւ 30 թղթակից անդամ աշխատում է ԳԱԱ համակարգից դուրս: ԳԱԱ համակարգի աշխատողների ընդհանուր թիվը 3974 է, այդ թվում՝ 2409 գիտաշխատող՝ 332 գիտության դոկտոր եւ 1130 գիտության թեկնածու: Նշելով, որ միջին աշխատավարձը համակարգում կազմում է 75 հազար դրամ, Ռադիկ Մարտիրոսյանը միաժամանակ ընդգծեց, որ 2011թ. համակարգի համար պետական ֆինանսավորումը կազմել է 4595426,7 հազար դրամ, արտաբյուջետային միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 2,2 մլրդ դրամ, որը տարեկան ընդհանուր ֆինանսավորման 33 տոկոսն է: «Սա լավ ցուցանիշ է անգամ զարգացած առաջավոր երկրների համար»,- նշեց ԳԱԱ նախագահը: Նա գոհունակություն հայտնեց, որ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտությունների, տպագրված բարձր վարկանիշային հոդվածների թվով Հայաստանը գերազանցում է տարածաշրջանի բոլոր երկրներին /Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենիա, Տաջիկստան, Ղրղզստան/: Բացառություն է կազմում Իսրայելը, որը գիտական հետազոտություններին տարեկան տրամադրում է 5 մլրդ ԱՄՆ դոլար: ԱՊՀ 20-ամյա հոբելյանին նվիրված «Նաուկա ի ինովացիի» ամսագրի հատուկ թողարկման համաձայն, ցիտման ինդեքսի տվյալով Հայաստանի ցուցանիշը ամենաբարձրն է ԱՊՀ երկրների շարքում: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը կարեւորեց 2011-15թթ. հիմնարար գիտահետազոտական աշխատանքների ծրագրի, 2011-25թթ. «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման ռազմավարության» եւ «Հայագիտության զարգացման հայեցակարգի» նախագծերի ընդունումը: Լրագրողների հետ զրույցում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ միջազգային անկախ փորձագետների գնահատականներով, «այսօր մեր գիտության մակարդակը համապատասխանում է աշխարհի գիտության միջին մակարդակին, այդ մակարդակից բարձր է ընդամենը 16 երկիր»: Ըստ ԳԱԱ նախագահի, «հանգիստ կարող ենք ասել», որ գիտության մակարդակով Հայաստանը 17-18-րդ երկիրն է: Խնդիրների շարքում Ռ.Մարտիրոսյանը նշեց, որ ուսումնասիրությունների հենքը՝ սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, ֆիզիկապես եւ բարոյապես մաշվում է. «Չունենալով համապատասխան ժամանակակից սարքավորում՝ մեր հետազոտողները ձգտում են միջազգային այս կամ այն գործընկերոջ միջոցով օգտագործել նրա հնարավորությունները, հետեւաբար, մեր կարեւորագույն խնդիրը մեր հետազոտական հենքի արդիականացումն է, երկրորդը սոցիալական խնդիրն է՝ մեր գիտնական աշխատողների աշխատավարձը երեւի թե հանրապետությունում ամենացածրն է», ուստի անհրաժեշտ է որոշակի աշխատանք տանել այդ ուղղությամբ: ԳԱԱ նախագահն ընդգծեց, որ որոշ սոցիալական հարցեր լուծվել են, մասնավորապես, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, երիտասարդ գիտնականների համար մոտ 200 բնակարան է կառուցվում: Հարցեր կան, որ լուծվում են, սակայն անհրաժեշտ է նաեւ լուծել գլոբալ բնույթի հարցեր,- ընդգծեց Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին օրհնության խոսք էր հղել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ