Ապրիլի 28-ն աստղագիտության միջազգային օրն է.Սիրողական աստղադիտակներ՝ երկնքի հրաշալիքները դիտելու համար


Ապրիլի 28-ն աստղագիտության միջազգային օրն է.Սիրողական աստղադիտակներ՝ երկնքի հրաշալիքները դիտելու համար

  • 26-04-2012 17:48:46   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այս տարի աստղագիտության օրը նշվում է ապրիլի 28-ին. այն շարժական տոն է եւ սովորաբար նշվում է ապրիլի կեսերից մինչեւ մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում եւ սահմանված է այնպես, որ տեղի է ունենում Լուսնի առաջին քառորդը նախորդող շաբաթ օրը (օրինակ 2011-ին այն մայիսի 7-ին էր): Այս նախաձեռնությունը սկսվել է 1973թ. Հյուսիսային Կալիֆոռնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերի կողմից, երբ նա բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենար զմայլվել երկնքի գեղեցկությամբ: Ներկայումս այս իրադարձությունն արդեն սատարվում է աստղագիտական մի շարք կազմակերպությունների կողմից: Աստղագիտության օրը նշվում է ամեն տարի՝ հասարակության եւ աստղագիտության հետ առնչվող տարբեր մարդկանց եւ կազմակերպությունների (պրոֆեսիոնալ եւ սիրող աստղագետներ, աստղագիտության ուսուցիչներ, աստղացուցարաններ) միջեւ կապն ու շփումներն ամրապնդելու նպատակով: Սովորաբար կազմակերպվում են հասարակական դիտումներ, դասախոսություններ, հանդիպումներ եւ այլն՝ հասարակության մեջ աստղագիտական գիտելիքները եւ հետաքրքրությունները տարածելու համար: Աստղագիտության օրը նաեւ աստղագիտության շաբաթի մի մասն է, որը սկսվում է դրան նախորդող երկուշաբթի: Կա նաեւ աստղագիտության աշնանային օր, որն այս տարի կլինի հոկտեմբերի 20-ին: Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացնում են, որ հայ սիրող աստղագետները («Գուդրայք Ջոն» կազմակերպությունը՝ Ռուբեն Բունիաթյանի գլխավորությամբ) շաբաթ օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 20:30-22:30, Կասկադ համալիրի վերեւի հարթակում տեղադրելու է մի շարք սիրողական աստղադիտակներ, որոնցով բոլոր ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր, աստղակույտեր եւ երկնքի այլ հրաշալիքները:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ