Յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենիքում բարեկեցիկ և երջանիկ կյանքով ապրելու իրավունք ունի
04-05-2012 16:40:14 | Հայաստան | Հայտարարություններ
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը շնորհավորում է Երեւանի հանրությանը Մաշտոցի այգին համայնքին վերադարձնելու առթիվ։ Կանաչապատ եւ գեղեցիկ Երեւանը կարեւոր նախադրյալներից մեկն է մեր երեխաների երջանիկ մանկության համար։ Հաջորդ սերունդների առջեւ բոլորիս պարտականությունն է՝ պատասխանատվությամբ վերաբերվել համայնքային սեփականությանը:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը ողջունում է երիտասարդ գործիչներին, ում ազնիվ եւ հետեւողական պայքարը Մաշտոցի այգում հանրության շահերը եւ բնական միջավայրը պաշտպանելու համար տվեց շոշափելի արդյունք։ Իրենց ուսերին վերցնելով Հայաստանում Սահմանադրության պահպանման պատվաբեր առաքելությունը, երիտասարդությունը փաստացի կատարած իր արարքներով բոլորիս հույս եւ հավատ ներշնչեց մեր երկրի ապագայի նկատմամբ։
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը շնորհակալ է բոլոր այն լրագրողներից, ովքեր անտեսելով անձնական անվտանգության սպառնալիքները, Մաշտոցի այգում ծավալվող իրադարձությունների ժամանակ կատարեցին իրենց լրագրողական պարտքը։ Նրանց կողմից քաղաքացիական պայքարի անաչառ եւ օպերատիվ լուսաբանումը մեծագույն դեր խաղաց դրական արդյունքի հասնելու գործում։
Մաշտոցի այգում տաղավարների ապոմոնտաժումով պետության եւ քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիների միջեւ վեճը չի հանգուցալուծվել։ Ոստիկանության կողմից հարուցված եւ նախապատրաստվող վարչական ու քրեական գործերով փաստերի բազմակողմանի, լրիվ եւ անաչառ հետազոտումը դատական ատյաններում լույս կսփռի պետության պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության վրա:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խմբի քաղաքացիական անհնազանդության նպատակն էր կոտրել իշխանության այն կարծրատիպը, թե նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվելու հանրության առջեւ ունեցած իր պարտականություններին եւ չարաշահել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները։ Այդ նպատակին հասանք։
Իշխանությունների գործողությունները Մաշտոցի այգում ցույց տվեցին, որ վարչախումբը ի վիճակի չէ պահպանել Սահմանադրությունն ու ապահովել մարդու անքակտելի իրավունքների իրացումը Հայաստանում։ Անօրինական սեփականության պաշտպանությունը վարչախմբի համար մնում է իշխանության պահպանմանը միտված հիմնական քաղաքական գործիքներից մեկը։ Այսօր մեր առջեւ դնում ենք նոր նպատակ՝ ի չիք դարձնել հասարակության մեջ դեռ առկա այն կասկածները, որ իշխանություներին, միեւնույն է, հաջողվելու է անբարեխիղճ վերաբերվել հանրության առջեւ ունեցած իր պարտականություններին եւ չարաշահել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները։
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենիքում բարեկեցիկ եւ երջանիկ կյանքով ապրելու իրավունք ունի։ Այդ իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել մեր երկրում կարծրացած` սակավաթիվ մարդկանց կողմից հասարակության հաշվին հարստանալու արատավոր երեւույթը։ Ուստի մենք համալրելու են մեր շարքերը եւ շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել ցանկացած ապօրինության դեմ` աջակցելով այս գործին միտված յուրաքանչյուր նախաձեռնությանը: