Հայ-շվեյցարական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է<br />


Հայ-շվեյցարական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է

  • 09-07-2010 14:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-շվեյցարական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, պահպանվում է ակտիվ քաղաքական երկխոսություն` ինչպես երկկողմ հանդիպումների ձեւաչափով, այնպես էլ միջազգային ատյանների շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ընդունելով հուլիսի 9-ին Շվեյցարական Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Մաուրերին (Peter Maurer): Իր հերթին Պ.Մաուրերը վստահեցրել է, որ իր Շվեյցարիան շահագրգռված է Հայաստանի հետ հաստատված բարեկամական համագործակցության ընդլայնմամբ, ինչով եւ պայմանավորված էր Երեւանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը: Է.Նալբանդյանն ու Պ.Մաուրերը կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը` որպես համակողմանի համագործակցության առավել ամրապնդման գրավական: Նրանք անդրադարձել են առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` կարեւորելով այդ բնագավառում գործարար շրջանակների նախաձեռնությունները եւ համաժողովների անցկացումը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ: Է.Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նա նաեւ բարձր է գնահատել Շվեյցարիայի միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Պ.Մաուրերը այցելել է նաեւ ԱԳՆ-ի Դիվանագիտական դպրոցը, ուր հանդես է եկել Շվեյցարիայի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական