Կարիքավորների համար ստեղծվում է սոցիալական համալիր


 

Կարիքավորների համար ստեղծվում է սոցիալական համալիր

  • 10-05-2012 17:36:52   | Հայաստան  |  Հասարակություն

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակի փողոցի NN 25, 33, 34 շենքերը, որոնց կառուցումն ավարտին է հասցվել ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին եւ որոնք նախատեսված են անօթեւան միայնակ տարեցների համար, կառավարության որոշմամբ գրանցվել են որպես պետական սեփականություն, որպեսզի հետագայում սահմանված կարգով տրամադրվեն անօթեւան միայնակ տարեցներին եւ բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց։ Ինչպես "Նոյյան Տապանին" հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության նիստում ընդունված հաջորդ որոշմամբ, գումար է տրամադրվել նշված բնակարանները կահավորելու նպատակով 59 լրակազմ գույքը Երեւանից Մարալիկ տեղափոխելու համար։ «Սոցիալական բնակարանային ֆոնդը մենք հետեւողականորեն ձեւավորում ենք, - այս առնչությամբ նշել է վարչապետը։ - Մոտակա 3-4 տարվա ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կունենա բավական պատշաճ բնակարանային ֆոնդ եւ կկարողանա լուծել սոցիալական խնդիրները»։ Գործադիրը որոշել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի ներթաղամասային ճանապարհներով զբաղեցված հողատարածքը նվիրել Սպիտակի քաղաքային համայնքին, թաղամասի տարածքն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ, ինչի շնորհիվ կբացառվի նշված հողատարածքի խառը կառուցապատումը։ Իր նիստում կառավարությունը որոշել է Երեւան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը եւ նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ եւ չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաեւ ՀՀ փաստաբանական դպրոցը։ Կառավարությունն իր նիստում որոշել է նախկինում «Գավառի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերությանը պատկանող շենքերը, շինությունները եւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ամրացնել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Դրա շնորհիվ նախարարության մարզային ստորաբաժանումները կտեղակայվեն մեկ վայրում, կբարելավվեն անձնակազմի աշխատանքային պայմանները։ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղը կառավարության որոշմամբ ապահովվել է ուսանողական անխափան գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածքով, իսկ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնաշենքը` տանիքի հիմնանորոգման համար անհրաժեշտ 20 մլն դրամով։ Կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։ Գործադիրը փոխել է Լոռու մարզի Գյուլագարակի եւ Արարատի մարզի Այգեզարդի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար հանգստի գոտու եւ մանկապարտեզի շենքի կառուցման համար։ Կառավարության որոշմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման արտոնագիր է տրվել Երեւանի «Ֆիրմփլեյս» ՍՊԸ-ին։
Նոյյան տապան  -   Հասարակություն