Անհրաժեշտ է ստեղծել ՏՀՏ-ի և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմին՝ նախարարություն


Անհրաժեշտ է ստեղծել ՏՀՏ-ի և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմին՝ նախարարություն

  • 11-05-2012 17:53:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հայտարարությունը Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ Նախ եւ առաջ շնորհավորում ենք ՀՀ Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին, մաղթում ազգանվեր եւ արդյունավետ գործունեություն։ Անհրաժեշտություն Համաշխարհային արդի տնտեսության մրցունակության եւ զարգացման հիմնական նախապայմանը ինտելեկտի եւ գիտելիքների վրա հիմնված հասարակության ձեւավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարներն ու հայտնագործություններն են, եւ միեւնույն ժամանակ, դրանք առօրյա կյանք ներդնելու ունակությունն ու արագությունը: ԱԺ 2012թ. ընտրությունների արդյունքում շուտով կձեւավորվի նոր կառավարություն։ Ելնելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների/բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտի զարգացման, տեղեկատվական հասարակության կայացման առկա նախադրյալներից, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների եւ գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձեւավորման կարեւորությունից, հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների կողմից այս ոլորտում վարվող արմատական քաղաքականությունը, կարեւորելով Հայաստանի մրցակցային առավելությունները պահպանելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը` գտնում ենք, որ խիստ անհրաժեշտ է ստեղծել ոլորտի պետական կառավարման կենտրոնացված մարմին` նախարարություն։ Նախարարությունը կհամակարգի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման եւ զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման եւ տեղեկատվական հասարակության ձեւավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար: Ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրվել եւ հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող եւ զարգացած երկրներում` Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Մալթայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալազիայում, Եգիպտոսում եւ այլն: Նախարարության առկայությունը հնարավորություն կտա խուսափել ոլորտի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներից, ինչպիսիք են՝ ոլորտի միասնականության խաթարումը՝ տարբեր պետական մարմինների միջեւ բաժանվածությամբ, գործառույթների հաճախակի կրկնողությունները, իրար միջեւ բաժանելու անկարողությունը, միասնական համակարգման գրեթե բացակայությունը եւ այլն: Արդյունքում ոլորտի կառավարմանը, զարգացմանն ուղղված ջանքերը հիմնականում ձեւական բնույթ են կրում։ Ակնկալվող արդյունք Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կնպաստի պետական կառավարման, պաշտպանության, կրթության, առողջապահության, անվտանգության, ինչպես նաեւ տնտեսության այլ բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, իսկ միասնական եւ հետեւողական կառավարումը կապահովի տեխնոլոգիական եւ ինովացիոն աննախադեպ նվաճումներ: Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կառավարող պետական կառավարման մարմինը կհամակարգի տնտեսության արդիականացման (մոդեռնիզացիայի) գործընթացը, ինչը թույլ կտա նաեւ` - Իրապես ապահովել երկրի միջազգային վարկը՝ որպես տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաները երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություն հռչակած պետություն, - Ձեւավորել զարգացած տեխնոլոգիական ոլորտ` բարձր հավելյալ արժեք ստեղծող հետազոտական եւ բարդ ինժեներական լուծումներ առաջարկող ու ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ արտադրանքով, - Մշակել եւ իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր, - Ձեւավորել եւ զարգացնել ոլորտային ծրագրերի ու քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող մեխանիզմներ եւ մասնավոր հատվածի մասնակցությամբ ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր - Բացահայտել եւ հրապարակել կառավարման եւ տնտեսության ոլորտներում առկա տեխնոլոգիական լուծումներ պահանջող խնդիրները, ապահովել դրանց ճշգրիտ եւ համակարգված լուծումը, - Զարկ տալ էլեկտրոնային հասարակության եւ կառավարման զարգացմանը, ընդլայնել պետության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակը` ապահովելով դրանց լիարժեք հասանելիությունը եւ խրախուսելով կիրառումը, - Գույքագրել եւ գնահատել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում առկա տեղեկատվական համակարգերը, իրականացնել դրանց զարգացման աշխատանքների կենտրոնացված կառավարում՝ ապահովելով փոխհամատեղելիություն եւ արդյունավետություն, - Բացահայտել գիտահետազոտական մշակում պահանջող տեխնոլոգիական խնդիրները, դրանք տեղակայել համապատասխան գիտակրթական հաստատություններում, - Կազմակերպել ոլորտի վիճակագրական եւ հաշվետվական միասնական համակարգ: Նշված թիրախներին հասնելու նախապայմաններ են՝ - պրոֆեսիոնալիզմի առաջնահերթության ապահովումը, - վարվող քաղաքականության թափանցիկությունը, դրան հասարակության եւ մասնավոր հատվածի ներգրավվածությունը, - շահագրգիռ համագործակցությունը կազմակերպությունների եւ միությունների հետ, - տեղական արտադրողների ներգրավման խրախուսումը, - նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ձեւավորմանն ու զարգացմանն աջակցելը, սկսնակ ընկերությունների տեղակայման համար հատուկ տնտեսական գոտիների ձեւավորումը, - ազգային ինովացիոն մրցույթների կազմակերպումն ու անցկացումը, - սկզբունքայնությունը մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականության մեջ։ Մեր կարծիքով Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն զարգացման նախարարության մոդելը համահունչ է գործող պետական կառավարման համակարգին եւ որեւէ հակասություն չի առաջացնում: Պետական կառավարման նմանատիպ մարմնի ստեղծմամբ չի առաջանում էական ծախսերի անհրաժեշտություն, քանզի այն չի ենթադրում մեծ աշխատակազմի ստեղծում, իսկ ներկայիս տարբեր պետական մարմիններում նշված ուղղություններով զբաղվող, եւ հաճախ գործառույթներով իրար կրկնող ստորաբաժանումներում ներգրավված են մի քանի անգամ ավելի շատ մարդկային ռեսուրսներ: Նախարարության ստեղծումը կբերի որոշակի ռեսուրսների խնայողության` ի հաշիվ նշված անարդյունավետ կառավարման մեխանիզմների վերացման, գործառութային կրկնությունների բացառման, իրականացվող ծրագրերի համակարգվածության, առկա ռեսուրսների կենտրոնացված կառավարման, չհաշված ոլորտի զարգացման արդյունքում եկամտաբերության եւ հարկային մուտքերի ավելացումը: Ակնկալում ենք, որ սույն նախաձեռնությունը կարժանանա պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների աջակցությանը, եւ առաջարկում ենք միանալ հայտարարությանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ