Գևորգ Սաֆարյան.«ՏՏ նախարարությունը կդառնա ոլորտի հիմնական շարժիչ ուժը»


Գևորգ Սաֆարյան.«ՏՏ նախարարությունը կդառնա ոլորտի հիմնական շարժիչ ուժը»

  • 22-05-2012 13:16:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՏՏ եւ ՏՀՏ ոլորտը ներկայացնող նախարարություն ունենալու հարցին առօրեական կարեւորություն տալով` Նորաստեղծ Տեխնոլոգիական Ձեռնարկությունների Ասոցիացիան (ՆՏՁԱ) միանում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից ս.թ. մայիսի 11-ին կատարված հայտարարությանը Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն զարգացման նախարարություն ստեղծելու վերաբերյալ: «Նախարարության առկայությունը կխթանի ոլորտի զարգացումը եւ հնարավորություն կտա խուսափել ոլորտի առաջընթացը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներից: Տնտեսական գործունեության առումով մեր երկրում նորաստեղծ ընկերությունները ոչ մի արտոնություն չունեն, մինչդեռ աշխարհի գրեթե բոլոր երկրներում սկսնակ ընկերությունների տեղակայման համար ձեւավորում են հատուկ տնտեսական գոտիներ, նորաստեղծ ընկերությունները ստանում են աջակցություն ձեւավորման եւ հետագա զարգացման համար, ունենում են ֆինանսավորման արտոնություններ եւ այլն»,- ՏՏ նախարարության ստեղծման վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնում ՆՏՁԱ նախագահ Գեւորգ Սաֆարյանը: ՏՏ զարգացման հայեցակարգում նշված է, որ մինչեւ 2018 թ. պետք է ստեղծվի 1000 ձեռնարկություն: Այսօր գործում են մոտավորապես 350-ը, ինչը նշանակում է` հարկավոր է եւս 650 գործող կազմակերպություն: «ՏՏ նախարարությունը եւ նրա` ՏՀՏ համայնքի վստահությունը վայելող ղեկավարները կդառնան ոլորտի հիմնական շարժիչ ուժերը, ի զորու կլինեն մշակել եւ իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերը»,- հավելեց Գեւորգ Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հանդես եկավ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին եւ նորընտիր ազգային ժողովին: Նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը կհամակարգի ՀՀ-ում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման եւ զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման եւ տեղեկատվական հասարակության ձեւավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play