Պարոնյան փողոցում, թիվ 21 շենքի դիմաց, մայիսի 23-ին “Երեւան Ջուր” ՓԲԸ վերակառուցում էր հերթական դիտահորը: Հերթական, որովհետեւ մեկ շաբաթ առաջ նույն փողոցում արդեն վերանորոգվել է երկու դիտահոր, ինչը զգալիորեն նպաստել է տարածքի ջրամատակարարման բարելավմանը:
Տվյալ, թվով երրորդ դիտահորն իրենից ներկայացնում է խոշոր ջրաբաշխիչ հանգույց, որը կոչված է կարգավորելու Պարոնյան փողոցի եւ հարակից տարածքների, ինչպես նաեւ Կոնդի զգալի մասի ջրամատակարարումը: Կոչված է, բայց չի ծառայում իր նպատակին, որովհետեւ վերանորոգման կարիք ունի, իսկ առկա 4 փականներն ընդհանրապես չեն գործում:
Ինչպես տեղեկացրեց ընկերության “Արեւմուտք” շահագործման տնօրինության “Արաբկիր” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը, իրականացվող աշխատանքերի շրջանակներում կփոխարինվեն փականները, որի շնորհիվ հնարավոր կլինի կարգավորել ջրամատակարարումը բոլոր 4 ուղղություններով, ապահովելով ամենուր բավարար ճնշում: Դրանից բացի, շինարարական կամ վերանորոգման աշխատանքների ժամանակ այսուհետ հնարավոր կլինի դադարեցնել միայն տվյալ տարածքի, բայց ողջ թաղամասի ջրամատակարարումը, ինչպես մինչ այդ:
Ըստ զրուցակցի, աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն եւ ուշ երեկոյան կվերսկսվի “Նաիրի” բժշկական կենտրոնի, “3-րդ շտապ օգնության” հիվանդանոցի, “Հրազդան” հյուրանոցի, Պարոնյան փող. 15-ից բարձր եւ Իսրայելյան 43 համարների, Ձորափ եւ Կոնդ թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: