Հայաստանը ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցեց Ադրբեջանին


Հայաստանը ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցեց Ադրբեջանին

  • 23-05-2012 19:05:15   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ի գործող նախագահ Սամվել Նիկոյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին` Ս.Նիկոյանը նշեց, որ վերջին վեց ամիսների ընթացքում ղեկավարելով խորհրդարանական վեհաժողովը, հնարավորություն է ունեցել ավելի խորը եւ մանրամասն ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու հնարավորություններին: ԱԺ նախագահի գնահատմամբ, Վեհաժողովի անդամ երկրներին միավորում են ընդհանուր շատ արժեքներ եւ նպատակներ, այդ թվում` սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը եւ ինտեգրման գործընթացներին` հանդիսանալով ՍԾՏՀ-ի եւ նրա խորհրդարանական կառույցի հիմնադիրներից մեկը: ԱԺ նախագահը նկատեց, որ ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն եւ արդիականություն են ձեռք բերում: Նպատակն է աջակցել եւ զարգացնել այդ գործընթացները: Որպես միջազգայնորեն ճանաչված տարածաշրջանային կազմակերպություններից մեկը` Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տարեցտարի ընդլայնում է գործունեության շրջանակը, դառնալով տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական կայունության կարեւոր գործոն: Կազմակերպության օրենսդրական գործունեությունը` ուղղված Սեւծովյան տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրային համագործակցությանը, պետք է նպաստի ոչ միայն անդամ երկրների ներքին խնդիրների լուծմանը, այլ նաեւ ժողովուրդների միջեւ վստահության ու փոխըմբռնման հաստատմանը: Հենց այս գիտակցությամբ էլ աշխատանքներ են տարվում տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Ս.Նիկոյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության եւ առեւտրի հետագա ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաեւ սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Առաջնահերթությունների թվում կմնա տնտեսական համագործակցությունը: Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախագահության այս վեց ամիսների ընթացքում երեք մասնագիտացված հանձնաժողովներն ակտիվ աշխատանք են կատարել, քննարկել եւ ի գիտություն են ընդունել տնտեսական, սոցիալական եւ իրավական ոլորտներին վերաբերող մի շարք կարեւոր զեկույցներ: Վեհաժողովի անդամները, ինչպես նաեւ միջազգային քարտուղարության աշխատակիցները մի շարք միջազգային կազմակերպությունների աշխատանքներում պատշաճ կերպով են ներկայացրել կառույցը: Նա կարեւորեց կանոնակարգային հարցերով աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը, որն արդեն շուրջ մեկ տարի է` քննարկում է Վեհաժողովի կանոնակարգային փոփոխությունների հետ կապված հարցերը: Ս.Նիկոյանը համոզմունք հայտնեց, որ երեւանյան նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ քննարկումները կունենան իրենց դրական հետեւանքները եւ կնպաստեն կազմակերպության ազդեցիկության, վարկանիշի հետագա բարձրացմանն ու ավելի գործնական արդյունքներ ունենալուն: ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք եւ հույս հայտնեց, որ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում հնարավորություն կունենան ծանոթանալու նաեւ պատմական հնամենի արժեքներ ունեցող եւ այսօր էլ արժեքներ ստեղծող մեր երկրին ու ժողովրդին: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը հայտարարեց բացված: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ուղերձում մասնավորապես ասվում էր, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային կառույցների` հատկապես ՍԾՏՀ կազմակերպության գործունեությանը եւ վերջինիս խորհրդարանական ձեւաչափի հետագա զարգացմանը` որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին: Դրա վառ ապացույցն է նաեւ այն, որ Հայաստանը պատրաստակամություն հայտնեց այս նիստը հյուրընկալել անգամ գործող խորհրդարանի վերջին աշխատանքային օրերին` չկապելով ՍԾՏՀ ԽՎ բնականոն գործունեությունը ներպետական քաղաքական օրացույցի հետ: ՀՀ նախագահի գնահատմամբ` այսօր խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն տեղն է գրավում միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հատկապես մեծ է նրա դերը ժողովրդավարական սկզբունքների արմատավորման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ապահովման հարցերում: Միջխորհրդարանական երկխոսության հաստատումը էական նշանակություն ունի նման արժեքների տարածման եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար: Այդ ամենն իր հերթին օգնում է լիարժեք տարածաշրջանային համագործակցության հաստատման շնորհիվ հասնել տեւական խաղաղության ու կայունության արմատավորմանը: «Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ եւ փոխզիջումային ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման համար»,- ասվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում: Ըստ ՀՀ նախագահի` այս համատեքստում եւս կարեւորվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դերակատարությունը: Նա վստահություն է հայտնում, որ բոլորին համախմբում են միասնական նպատակները` ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ եւ ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն: ՀՀ նախագահը նկատում է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի երեւանյան 39-րդ լիագումար նիստի ընդհանուր քննարկումները նվիրված են ամենաարդիական թեմաներին` կայուն տնտեսական զարգացմանը, էկոլոգիային, բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը, մասնավոր բիզնեսին պետական աջակցության ապահովմանը: Նա համոզմունք է հայտնում, որ, հաշվի առնելով պառլամենտարիզմին բնորոշ փոխզիջումային մոտեցումները, նրանք կարող են զգալի դերակատարում ունենալ նշված խնդիրների նկատմամբ ընդհանուր` միեւնույն ժամանակ բոլոր անդամ պետությունների շահերը հարգող որոշումներ կայացնելու գործընթացում: Վերջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթում ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստի աշխատանքներին: Ելույթ ունեցավ նաեւ ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը: Նա ներկայացրեց կազմակերպության կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները` հույս հայտնելով, որ հետայսու ՍԾՏՀ գործունեությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության առումով նույնքան արդյունավետ կլինի: ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը մասնավորապես կարեւորեց կայուն տնտեսական զարգացմանը, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաներին, առեւտրային, բնապահպանական, հարկային համակարգերի կատարելագործմանը, գյուղատնտեսական ոլորտին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ կազմակերպության կառուցողական որոշումներն ու դրանք կյանքի կոչելու հետեւողականությունը: ՍԾՏՀ ԽՎ առաջին լիագումար նիստում Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանի նախագահությամբ քննարկվեցին կանոնակարգային հարցեր: Օրակարգը հաստատվելուց հետո նիստում քննարկվեց ու հաստատվեց նոր մանդատների հարցը, քվեարկությամբ ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ ընտրվեց Եվգենի Կապիշինը, հավանության արժանացան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական միությանը ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցերը, հաստատվեցին 2011 թ.-ի հուլիսի 1-2-ին Կիեւում կայացած ՍԾՏՀ ԽՎ 37-րդ լիագումար նիստի արձանագրությունն ու Խորհրդարանական վեհաժողովի գործունեության հաշվետվությունը: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին տեղեկատվությանը, որը ներկայացրեց ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը: Նա անդրադարձավ Մոսկվայում 2011 թ. աշնանը տեղի ունեցած ՍԾՏՀ անդամ երկրների արտգործնախարարների 25-րդ նիստի կատարած աշխատանքներին, անդամ երկրների գյուղատնտեսության նախարարների, արտակարգ իրավիճակների նախարարների եւ վթարային ծառայությունների ղեկավարների, տրանսպորտի նախարարների համատեղ հռչակագրերին, որոնց նպատակն է ամրապնդել տարածաշրջանային տնտեսական բազմակողմ համագործակցության կայուն զարգացումը: Քննարկվեց եւ միաձայն ընդունվեց ՍԾՏՀ ԽՎ հայտարարությունը կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ, որում մասնավորապես հաստատվում է այն միտքը, որ ՍԾՏՀ շրջանակներում փոխգործակցության գլխավոր նպատակը տարածաշրջանի երկրների միջեւ բարիդրացիական, բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումն է, փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում: Խորհրդարանական վեհաժողովը ողջունում է այն փաստը, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել տրանսպորտի, առեւտրի, էներգետիկայի, կապի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում: Հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնվում էլ ավելի ակտիվացնելու համագործակցությունը եւ ամեն ինչ անելու տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացման համար: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանը: Հարցի վերաբերյալ ելույթներ ունեցան ազգային պատվիրակությունների ղեկավարներն ու միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Բոլորն էլ իրենց ելույթներում կարեւորեցին այս ոլորտի առաջանցիկ զարգացման անհրաժեշտությունը, տեղեկատվական ու հեռահաղորդակցման դերը ժամանակակից քաղաքակրթության ու տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում: Գրեթե բոլորն էլ համոզմունք հայտնեցին, որ անդամ երկրների ձեռքբերումներն այս ոլորտում կիրառական առումով ավելի արդյունավետ կլինեն, եթե համատեղ զարգացման ու համագործակցության ծրագրեր իրականացվեն: Երկրորդ նիստում ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովը քննարկեց եւ հաստատեց երեք մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին առնչվող զեկույցներ ու առաջարկություններ` ՍԾՏՀ անդամ երկրների հարկային համակարգի կատարելագործման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործման, կրթական համակարգի ու երեխաների պաշտպանության խնդիրների վերաբերյալ: Պատգամավորները հաստատեցին նաեւ Ստամբուլում եւ Թբիլիսիում քննարկված մի շարք փոփոխություններ ու լրացումներ, այդ թվում` վեհաժողովի ղեկավար կազմի ընտրության կարգի վերաբերյալ: ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Կիրիլո Տրետյակը մեծ ներդրման ու վեհաժողովի աշխատանքներին աջակցելու համար շնորհակալագրով պարգեւատրեց ԽՎ նախագահի տեղակալ Արեգ Ղուկասյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեց բարձր գնահատականի ու համագործակցության համար` իր գործընկերներին հետագայում եւս մաղթելով արդյունավետ աշխատանք: 39-րդ լիագումար նիստի աշխատանքներն ամփոփելով` Հայաստանը ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցեց Ադրբեջանին. խորհրդանշական մուրճը Արեգ Ղուկասյանը հանձնեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւին: ՍԾՏՀ ԽՎ աշնանային` 40-րդ նիստը կկայանա այս տարվա նոյեմբերի 21-22-ին Բաքվում:
Նոյյան տապան  -   Քաղաքական