Հարութ Սասունյան. Հայերը պետք է միասնական ճակատ կազմեն Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն վարելուց առաջ


Հարութ Սասունյան. Հայերը պետք է միասնական ճակատ կազմեն Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն վարելուց առաջ

  • 30-05-2012 10:21:11   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` սփյուռքի հետ երկխոսություն սկսելու ջանքերի վերաբերյալ իմ վերջին հոդվածը բազմաթիվ արձագանքների տեղիք տվեց հայկական եւ թուրքական շրջանակներում: Թուրքական թերթերը, հեռուստաընկերություններն ու կայքերը լայնածավալ լուսաբանություններ կատարեցին Դավութօղլուի՝ հայերի հետ կապեր հաստատելու փորձերի վերաբերյալ: Թուրքական ԶԼՄ-ներն արտաքին գործերի նախարարի նախաձեռնությունը կապում են հայերի՝ 2015 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ծրագրերի հետ: Հայերը եւս մեկնաբանություններով ողողեցին ինտերնետային էջերն ու facebook-ը իմ հոդվածի կապակցությամբ, որը շրջանառվեց աշխարհով մեկ անգլերեն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով: Հայերի արձագանքն հասկանալիորեն լի էր կասկածամտությամբ եւ զգուշավորությամբ: Հայաստանի պաշտոնատարները հանգիստ հետեւում էին Դավութօղլուի հանդիպումների վերաբերյալ զեկույցներին` զերծ մնալով որեւէ հրապարակային մեկնաբանություն անելուց, մինչդեռ Ստամբուլի հայկական մամուլը մարզապես վերատպում էր այն, ինչ այդ թեմայի շուրջ հրապարակվում էր թուրքական մամուլում: Հայ ընթերցողներին երկու հարց հուզեց. ո՞վ կներկայացնի սփյուռքը, եթե եւ երբ հայերը սկսեն բանակցություններ վարել Թուրքիայի հետ, եւ որո՞նք են կոնկրետ հայկական պահանջները Թուրքիայի կառավարությունից: Սրանք չափազանց բարդ խնդիրներ են, որոնք պետք է լուրջ դիտարկվեն աշխարհասփյուռ հայերի կողմից: Իդեալական կլիներ, եթե սփյուռքի ներկայացուցիչներն ընտրվեին իրենց երկրների հայ բնակիչների քվեների միջոցով, ինչպես առաջարկել էի իմ նախկին հոդվածներում: Ընտրվածներն իրավունք կունենան ներկայացնել սփյուռքահայությանը ցանկացած բանակցություններում: Այս ներկայացուցիչները կհամաձայնեցնեն իրենց որոշումներն ու գործողությունները Հայաստանի կառավարության հետ, մասնավորապես Թուրքիայի հետ բանակցություններ վարելու չափազանց կարեւոր խնդրի շուրջ` ստեղծելով համատեղ պատվիրակություն: Դասեր քաղելով ձախողված հայ-թուրքական արձանագրությունների փորձից, հստակ է, որ անհնար է Թուրքիայի հետ երկխոսություն հաստատել առանց երկուսի` Հայաստանի եւ սփյուռքի մասնակցության եւ համաձայնության: Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության դեպքում, հայկական երեք ավանդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, Հայաստանի կառավարության հետ համատեղ, կարող են նախաձեռնել միասնական բանակցությունների թիմ: Պատվիրակությունն առավել ներկայացուցչական դարձնելու նպատակով, մի քանի գլխավոր համայնքային կազմակերպություններ եւ ճանաչված անհատներ կարող են նաեւ ընդգրկվել այնտեղ, ներառյալ` Թուրքիայի հայերի ներկայացուցիչը: Մեկ այլ չափազանց կարեւոր հարց թուրք պաշտոնատարների հետ բանակցությունների օրակարգ մշակելն է: Որո՞նք են հայերի կոնկրետ պահանջները Թուրքիայից: Այս շատ լուրջ եւ զգայուն խնդիր է, որը պահանջում է հայկական հարցի խորը գիտելիք եւ բանակցություններ վարելու ռազմավարության եւ մարտավարության մասնագիտություն: Հայերի համար ուսուցողական կլիներ դիտարկել, թե ինչպես էին Իսրայելն ու հրեական 23 խոշոր կազմակերպություններ միավորվել` կազմելով մի համաժողով Գերմանիայից հրեաների նյութական պահանջների` Հոլոքոստի զոհերի համար փոխհատուցում ստանալու նպատակով, եւ թե ինչպես էին այս կազմակերպությունները համաձայնեցնում իրենց դիրքորոշումները Իսրայելի հետ, որը փոխհատուցման առանձին պայմանագիր էր կնքել Արեւմտյան Գերմանիայի հետ: Տարիների ընթացքում նրանց համատեղ ջանքերի արդյունքում հրեական սփյուռքի կազմակերպությունների եւ Իսրայելի կոալիցիան Գերմանիայից որպես փոխհատուցում ստացավ 70 միլիարդ դոլար: Կարելի է հավելյալ դասեր քաղել զանգվածային դատերից, ասբեստի ներգործությունից, ապրանքների համար պատասխանատվությունից, ինչպես նաեւ Նյու Յորքի Առեւտրական զույգ շենքերի կործանումից եւ Մեքսիկայի ծովածոց նավթ թափելուց առաջացած ֆինանսական կարգավորումների օրինակներից: Այնուամենայնիվ, Հոլոքոստի եւ Հայոց Ցեղասպանության միջեւ մի կարեւոր տարբերություն կա: Մինդեռ հրեաները կոտորվեցին Եվրոպական երկրներում նացիստական իշխանության լծի տակ, հայերը կոտորվեցին եւ բռնի կերպով հեռացվեցին իրենց հայրենիքից: Ուստի, դրամական ոչ մի վճարում չի կարող լիովին փոխհատուցել հայերին իրենց պատմական հողերի կորստի դիմաց: Հայերը պետք է պահանջեն ոչ միայն իրենց անձնական կորուստների փոխհատուցում, այլ նաեւ պահանջեն վերադարձնել Արեւմտյան Հայաստանը, ինչպես վճռել էր նախագահ Վուդրո Վիլսոնը` մի պահանջ, որը Թուրքիան շարունակաբար մերժում է: Եթե լուրջ բանակցություններ սկսվեն, ապա հայերի համատեղ պատվիրակությունը կկարողանա Թուրքիայից պահանջել հետեւյալ նախնական քայլերը, որոնցով Թուրքիան կապացուցի իր բարյացակամությունը` -- փոխհատուցել ցեղասպանության բոլոր զոհերին, --վերականգնել եւ Ստամբուլի հայոց պատրիարքարանին վերադարձնել կրոնական բոլոր սրբավայրերը, --վերադարձնել առգրավված մասնավոր եւ համայնքային բոլոր կալվածքները իրենց հայ տերերին, --ապահովել Հայաստանի Հանրապետության համար հատուկ միջանցք օգտագործելու համար Տրապիզոնի թուրքական նավահանգիստը առեւտրային նպատակներով, --թույլատրել հայերին առանց մուտքի արտոնագրի այցելել Արարատ, Անի եւ Թուրքիայում գտնվող այլ հայկական պատմական վայրերը, -- վերացնել Հայաստանի շրջափակումը, --վերջ տալ Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ժխտման պաշտոնական քաղաքականությանը եւ ջնջել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, --զերծ մնալ Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված թշնամական քաղաքականությունից: Համաձայնության գալու դեպքում, այս միջոցառումները զգալի առաջընթաց կլինեն Թուրքիայից հայկական պահանջների հետապնդման գործում, մինչդեռ տարածքների վերադարձի խնդրին կարելի է առանձին դիմել միջազգային իրավական ատյաններին: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Թարգմանիչ` Կ. Գեւորգյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play