Նիդերլանդների Ալմելո քաղաքում` տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-ամյակին և Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանին
Նիդերլանդների Ալմելո քաղաքում` տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-ամյակին և Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանին
29-05-2012 14:37:48 | Նիդեռլանդներ | Քաղաքական
Մայիսի 26-ին, Նիդերլանդների Ալմելո քաղաքում` «Գալուստ Գյուլբենկյան» սրահում, տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-ամյակին եւ Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանին: Միջոցառումը կազմակերպվել էր Հոլանդիայի ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեի կողմից:
Հանդիսությանն ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր ելույթում նա անդրադարձավ առաջին հանրապետության կաեւորությանն ու դասերին եւ դրանց արտացոլմանը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: Դեսպանը մասնավորապես նշեց. «Չնայած աննախադեպ դժվարություններին, տնտեսական լիակատար շրջափակմանն ու անկմանը, հայ ժողովուրդը կարողացավ հաղթանակ գրանցել ղարաբաղյան ճակատում: Եվ դա միասնականության ու հանուն ազգային գաղափարի անմնացորդ նվիրման բացարձակ դրսեւորումն էր: Այդ հաղթանակը հնարավոր դարձավ, որովհետեւ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը կարողացավ բռունցք դառնալ` մի կողմ թողնելով տարաձայնություններն ու տարբերակվող մոտեցումները, եւ յուրաքանչյուրն իր տեղում, իր մասով իր նպաստը բերել ազգի ու պետության պահպանման ու գոյատեւման գործին»: Շնորհավորելով ներկաներին` դեսպանը մաղթեց, որպեսզի նախնիների միասնականության, արժանապատվության, ազնվության ու արարման հորդորները առաջնորդող լինեն` դառնալով 21-րդ դարում հայ ժողովրդի բարգավաճման ու բարեկեցության բանալին: Նա կոչ արեց հայրենակիցներին` «ճանաչել սեփականը, մեծագույն գնահատանքով ու գորովանքով վերաբերվել այն պատմական, մշակութային ու արժեքային ժառանգությանը, որ փոխանցվել է մեզ մեր նախնիներից, եւ, դրանցով սնելով, հայ ժողովրդի արժանի զավակներ մեծացնել»:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Տոնական միջոցառմանը ցուցադրվեց Շուշիի ազատագրման վերաբերյալ վավերագրական ֆիլմ: Այն շարունակվեց համերգով, որին ազգային-հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ հայտնի երգիչ Գառնիկ Սարգսյանը: