Նասեր Կազեմին. «Նորք Մարաշ» ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն»


Նասեր Կազեմին. «Նորք Մարաշ» ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն»

  • 29-05-2012 16:12:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության «Նորք Մարաշ» ԲԿ-ի եւ «Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիա» միջազգային ընկերության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համաձայն հուշագրի «Նորք Մարաշ» ԲԿ-ում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական եւ անհհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն «Նորք Մարաշ» ԲԿ-ի փորձառու վիրաբույժները: Կարեւորելով միջազգային կառույցների հետ համատեղ բարեգործական ծրագրերի իրականացումն ու հատկապես երեխաների առողջության վերականգնման առաջնահերթությունը, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական կարեւոր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար. «Սա իրապես կարեւոր եւ անհրաժեշտ համագործակցություն կարելի է որակել, քանզի բազմաթիվ երեխաներ հնարավորություն կստանան վերականգնել իրենց առողջությունն ու առողջ ապրելակերպը: Որպես Երեւանի քաղաքապետ կարող եմ վստահեցնել, որ մենք միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական եւ մարդասիրական նախաձեռնություններին, հատկապես հաշվի առնելով, որ մեր ենթակայության այս հաստատությունը տարածաշրջանում միակ մասնագիտացած բուժհաստատությունն է, որն իր որակական չափանիշներով մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ը գտնվում է նաեւ Հանրապետության նախագահի մշտական ուշադրության եւ հոգածության ներքո: Ըստ այդմ, վստահ եմ, մենք ունենք բոլոր հնարավորությունները անհրաժեշտ որակյալ բուժում ապահովել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրների մանուկների համար»,-ընդգծել է Երեւանի քաղաքապետը: Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիայի վարչության նախագահ Նասեր Կազեմինն իր հերթին վստահեցրել է, որ իրենց ընտրության հարցում եւս շատ կարեւոր դերակատարում է ունեցել հենց բժշկական կենտրոնի համաշխարհային ճանաչումն ու տարածաշրջանում միակը լինելու հանգամանքը: «Բոլոր նախադրյալները կան, որ մեր համագործակցությունը լինի երկարատեւ: Ունենալով ժամանակակից սարքավորումներ եւ բարձր որակավորմամբ մասնագետներ, վստահ եմ, «Նորք Մարաշ» ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն եւ, որ ոչ պակաս կարեւոր է, կապահովի մեր հիմնական նպատակի իրականացմանը. այն է, բարձրակարգ բուժօգնություն ապահովել դրա կարիքն ունեցող տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար>> - ընդգծել է Նասեր Կազեմինը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն