Երևանում կայացավ «Մարդկանց միջև շփումների» ենթակոմիտեի նիստը


Երևանում կայացավ «Մարդկանց միջև շփումների» ենթակոմիտեի նիստը

  • 01-06-2012 15:36:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունիսի 1-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ մարդկանց միջեւ շփումների` «զբաղվածության եւ սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության եւ երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության եւ աուդիովիզուալ քաղաքականության, գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով» համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստը: Հայկական կողմից նիստը վարում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ տիկին Կարինե Հարությունյանը, իսկ ԵՄ կողմից խմբի ղեկավար, Հարավային Կովկասի երկրների հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների համակարգող պրն. Չեզարե դե Մոնտիսը: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների եւ մի շարք այլ մարմինների պատասխանատուներ, որոնք ներկայացրեցին Հայաստանում տեղ գտած վերջին զարգացումները, բարեփոխումների ընթացքը եւ հայկական կողմի սպասելիքները: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները իրենց հերթին ներկայացրեցին ԵՄ քաղաքականության, երկկողմ եւ բազմակողմ ծրագրերի շրջանակներում համագործակցության նոր հնարավորությունները եւ գործիքները: Անդրադարձ կատարվեց Տեմպուս, Էրազմուս Մունդուս, Ժան Մոնե գիտա-կրթական ծրագրերին, նորարությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական քաղաքականության, առողջապահության եւ մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ