«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը վստահելի և կայուն գործընկեր է Հայաստանի ՏՏ մասնավոր ընկերությունների և միությունների համար". ԻՏՁՄ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը վստահելի և կայուն գործընկեր է Հայաստանի ՏՏ մասնավոր ընկերությունների և միությունների համար". ԻՏՁՄ

  • 02-06-2012 15:03:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) իր մասնագիտական թիմով վստահելի եւ կայուն գործընկեր է Հայաստանի ՏՏ մասնավոր ընկերությունների եւ միությունների համար": Այս մասին նշվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության տարածած հայտարարության մեջ։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. "Ս.թ. մայիսի 31-ին տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվել է Հայկական ծրագրեր ընկերության հայտարարությունը, որում, մասնավորապես, բացասական որակավորումներով անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկա իրավիճակին, ինչպես նաեւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությանը: Ելնելով վերոգրյալից, հայտարարում ենք հետեւյալը` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռեւս 2000թ.-ից հայտարարվել է Տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը եւ այս տարիների ընթացքում, չնայած առկա որոշ խնդիրների, տարեց տարի արձանագրում է կայուն աճ (տարեկան` միջինում 25%) եւ այս տենդենցը պահպանվեց նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ բազում այլ ոլորտներում գրանցվեց անկում: Ավելին` 2011թ. ոլորտի աճը շուրջ 30% էր: Ոլորտում այսօր գործում է ավելի քան 350 կազմակերպություն (տարեկան ստեղծվում է միջինում 30-40 նոր ընկերություն)` ապահովելով 7000-ից ավելի մասնագիտական աշխատատեղ: Նշված ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ հայտարարության հեղինակը միայն մեծ ջանքերի գործադրման դեպքում կարող էր “հիմա ցավով արձանագրել, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է”: Կարծում ենք, որ նշված եզրակացությունը հայտարարության հեղինակի թյուրիմացության մեջ գտնվելու արդյունք է, որն էլ իր հերթին հետեւանք է ՏՏ ոլորտային կազմակերպված կառույցներին (միություններ, ակումբներ, խորհուրդներ, աշխատախմբեր եւ այլն) վերջինի` բավական երկար ժամանակ անմասն լինելու: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) 2005թ.-ից հանդիսանում է ՏՀՏ եւ Բարձր տեխնոլոգիաների հայաստանյան խոշորագույն բիզնես ասոցիացիայի` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ: Վերջին տասը տարիների ընթացքում ՁԻՀ-ը, ստանձնելով Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական ծրագրի առաքելությունն, իր ուրույն դերակատարությունն է ունեցել այդ գործընթացում: Հայաստանյան եւ միջազգային մասնավոր, պետական, հասարակական եւ այլ շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցությամբ ՁԻՀ-ի կողմից նախաձեռնվել եւ իրականացվում են ոլորտային այնպիսի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջոցառումներ եւ ծրագրեր, ինչպիսին են` որակյալ կադրերի պատրաստումը, ներդրումների ներգրավումը, ենթակառուցվածքների ձեւավորումը, վերազգային կազմակերպությունների ներգրավումը եւ, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի` որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձեւավորումն ու բարձրացումը: ՁԻՀ-ն իր մասնագիտական թիմով միշտ վստահելի եւ կայուն գործընկեր է եղել Հայաստանի ՏՏ մասնավոր ընկերությունների եւ միությունների համար: ՁԻՀ-ի գործունեությունը բարձր է գնահատվել նաեւ օտարերկրյա գործընկերների կողմից, եւ այսօր հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում: ՁԻՀ-ի գործունեությամբ հիրավի հետաքրքրված բոլոր անձանց խորհուրդ կտայինք այցելել հիմնադրամի պաշտոնական կայքէջը (www.eif.am), որտեղ մանրամասնորեն նկարագրված են իրականացվող բոլոր ծրագրերն ու միջոցառումները": Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ