04-06-2012 15:11:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Երեկ գիշերը 04:30-ի սահմաններում հայտնի պարուսույց Սոֆի Դեվոյանին պատկանող «Մերսեդես Բենց C 180» մակնիշի մեքենայով նրա վարորդը բախվել է ապահովագրական ընկերությանը պատկանող Վազ 2121 մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով մեկ մարդ հիվանդանոցի ճանապարհին մահացել է, իսկ 4-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
HayNews.am-ի հետ զրույցում Սոֆի Դեվոյանը պատմեց, որ գիշերը մոտ 4-ն անց կես զանգահարել են իրենց եւ հայտնել ավտովթարի մասին. «Ամուսինս ու տղաս գնացել են այնտեղ: Մեքենան իմն է: Ես անձամբ ոչինչ չեմ տեսել, բայց ասում են, որ վարորդը հարբած է եղել: Ամեն դեպքում ինքը իրավունք չի ունեցել մեքենան վերցնելու, չգիտեմ, թե ուր է գնացել այդ ժամին: Ես ահավոր ծանր եմ տանում դա, քանի որ զոհվածը, վիրավորները երիտասարդ տղաներ են եղել` բոլորը ապահովագրական ընկերությունում աշխատող»:
Մեր այն հարցին, թե ձեր վարորդը երկա՞ր տարիներ է աշխատում, թե նոր է եւ ինչ տպավորություն է թողել ձեզ վրա, Սոֆի Դեվոյանը պատասխանեց. «Նոր աշխատող էր: Ամեն դեպքում նորալ տղա է, կյանքում չեմ տեսել, որ խմի: Չգիտեմ, թե ինչպես է նման բան եղել: Գուցե ղեկին քնել է»:
Դեվոյանից նաեւ տեղեկացանք, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ իր մեքենայից ոչինչ չի մնացել:
Նշենք, որ ավտովթարի հեղինակ 46-ամյա Հմայակ Միքայելյանը ձերբակալվել է: Վթարից մահացածը 36-ամյա Սամվել Առաքելյանն է:
HayNews.am