Երկու ֆիլմ՝ Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանի մասնակցությամբ


Երկու ֆիլմ՝ Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանի մասնակցությամբ

  • 05-06-2012 16:26:34   | Հայաստան  |  Բարեգործություն

«ՀայՌուսգազարդ»-ը եւ «Մեդիամաքս»-ը ներկայացրել են երկու ֆիլմեր` Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանի մասնակցությամբ: «ՀայՌուսգազարդ»-ի հովանավորությամբ թողարկված DVD-սկավառակի վրա ներկայացված են լեհական «Deep Purple-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը» ֆիլմի հայերեն տարբերակը եւ «Մեդիամաքս»-ի «Տան պատկերները» ֆիլմը, որը պատմում է Իէն Գիլանի եւ Հայաստանի հոգեւոր կապի մասին: Սկավառակը վաճառքի համար նախատեսված չէ: «Մեդիամաքս>>-ն ու «ՀայՌուսգազարդ»-ը սկավառակի մեկական օրինակ կնվիրեն Հայաստանի բոլոր երաժշտական դպրոցներին: «Pictures of home» վավերագրական ֆիլմի հիմք են հանդիսացել 2009թ. հոկտեմբերին «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում ռոք-աստղերի` Հայաստան կատարած այցի ընթացքում կատարված նկարահանումները եւ Իէն Գիլանի հարցազրույցը: Ֆիլմում Գիլանը խոսում է կրոնի, Աստծո, մշակույթի մասին եւ ներկայանում է որպես մի մարդ, ով չափազանց խորը եւ փիլիսոփայական հայացքներ ունի: «Pictures of home» ֆիլմի նկարահանումները հովանավորել էր «ՀայՌուսգազարդ»-ը, որը նաեւ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի հովանավորն էր: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շ. Սարդարյանի խոսքով տարիներ առաջ, երբ առաջ քաշվեց «Հայաստանը շնորհակալ է ռոքին» գաղափարը, «ՀայՌուսգազարդ»-ը առաջիններից մեկն էր, որ կանգնեց այս ծրագրի կողքին, իր չափով մասնակից եղավ ծրագրի աշխատանքներին, եւ այս գեղեցիկ նախաձեռնությունների միջոցով, որպես կոորպորատիվ քաղաքացի, իր շնորհակալությունը հայտնեց լեգենդար խմբին` 1988-ի երկրաշարժից տուժածներին օգնելու մարդասիրական նախագծի համար: «Հայաստանը շնորհակալ է ռոքին>> ծրագրի շուրջ «Մեդիամաքս»-ի հետ համագործակցության հիմքը դրվեց Ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ եւ շարունակություն ունեցավ մինչ օրս` Ընկերության ներկա տնօրեն Վարդան Հարությունյանի աջակցությամբ»,- նշել է Շ. Սարդարյանը: 2011թ. նկարահանված «Deep Purple-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը» ֆիլմն արդեն արժանացել է չորս միջազգային մրցանակների, այդ թվում` հաղթող է ճանաչվել բրազիլական Ֆլարիանոպոլիսի կինոփառատոնում` «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմը Ֆրեդերիկ Շոպենի` դեպի փառքը տանող ճանապարհի մասին է: Իէն Գիլանը հրավիրում է ձեզ ճանապարհորդել Լեհաստանով, որտեղ Շոպենը անց է կացրել իր կյանքի վաղ տարիները: Խորհրդանշական է, որ սկավառակի շնորհանդեսի օրը <<Մեդիամաքս>>-ը հայտարարեց, որ մոտ ապագայում կսկսվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի երկար սպասված վերակառուցումը: 2009 թվականին «Հայռուսգազարդի» hովանավորության շնորհիվ Հայաստան այցելած ռոքի աստղերը խոստացել էին օգնել վերակառուցել դպրոցը: Այսօր այդ խոստումը շատ մոտ է իրականություն դառնալուն:
Նոյյան տապան  -   Բարեգործություն