Մահացած աշակերտուհու գործով «կալանավորել» են Արամուսի գյուղապետին
09-06-2012 12:53:28 | Կոտայքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Մամուլի այսօրվա հրապարակումներից տեղեկացանք, որ Կոտայքի մարզի Արամուս համայքնի ԲՀԿ-ական գյուղապետ Հրայր Նիկողոսյանին իրավապահները «կալանավորել են» գյուղապետարանի շենքում:
Կատարվածի առնչությամբ Արամուս է գնացել նաեւ ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս HayNews.am-ի հետ զրույցում պատմեց. «Այս պահին քննչական մարմինները «թայմ աութ» են վերցրել մինչ երկուշաբթի` շարունակելու իրենց գործողություններն, ինչից հետո գյուղապետին ազատ տեղաշարժվելու իրավունք է տրվել»:
Ուրիխանյանը նշեց, որ այսօր գյուղապետի ծնողի մահվան քառասունքի օրն է, իսկ գյուղապետը սրտի վիրահատություն է տարել:
Ըստ Ուրիխանյանի` երկուշաբթի օրը իրավապահների կողմից կշարունակվեն քննչական գործողություններն, ինչից հետո պարզ կդառնա թե իրականության հետ ինչ առնչություն ունի այն «հանցագործությունը», որի հիմքում, ըստ նրա, չկան փաստեր, այլ միայն բանավոր հաղորդագրություն. «Ուզում եմ հույս հայտնել, որ իրավապահների գործողությունները չեն ունենա քաղաքական նկատառումներ»:
Մեր հարցին, թե բանավոր տեղեկությունների հիմքում ի՞նչ «հանցագործություն» է ընկած, Ուրիխանյանը պատասխանեց. «Ֆիզկուլտուրայի դասաժամին աղջիկը վատացել էր, որից մի քանի ժամ հետո հիվանդանոցում մահացել էր: Կան միայն մամուլի հրապարակումներ այն մասին, որ սա կապվում է գյուղապետի չարաշահումների հետ, եւ իրավապահները հենց այդ հրապարակումներն են հիմք ընդունել»:
ԲՀԿ մամուլի խոսնակը նաեւ նշեց, որ հետագայում նոր պարզ կլինի, թե գյուղապետին ինչ քրեական գործի շրջանակներում կներառեն. «Դրանից հետո մենք հանդես կգանք համապատասխան եզրակացությամբ ու գնահատականով»: