Հրանտ-Մելիք Շահնազարյան. «Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը որպես նախագահի թեկնածու պահանջարկ չի ունենա»
09-06-2012 15:25:38 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ընդդիմության ներգրավվածությունն ու ընդդիմադիրների չափաբաժնի մեծացումը կհանգեցնի քաղաքական գործընթացի ինտեսիվության ու սրության:
HayNews.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։
Վերջինս նշեց, որ խորհրդարանի հետ կապված իր սպասելիքները ժողովրդավարության ու բովանդակային մակարդակի բարձրացումներն են. «Այս խորհրդարանում պրոֆեսիոնալիզմն ավելի բարձր կլինի, եթե աշխատանքների հանդեպ հետեւողականությունը բարձրանա»:
Այն հարցին, թե ընդդիմադիրների չափաբաժնի մեծացում ասելով, քաղաքագետը, ո՞ր քաղաքական ուժերին նկատի ունի, Հրանտ-Մելիք Շահնազարյանը պատասխանեց. «Նկատի ունեմ նաեւ ԲՀԿ-ին, քանի որ այս կուսակցությունը ընդդիմություն դառնալու լուրջ պոտեցիալ ունի: Իսկ իշխանության դաշտում միայն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն են, մնացած կուսակցություններն ընդդիմություն են»:
Անդրադառնալով ԲՀԿ հետագա դիրքորոշմանը քաղաքագետը նշեց, որ ԲՀԿ-ն որպես քաղաքական միավոր ինքնաբավ չէ. «Հնարավոր է, որ ԲՀԿ-ն բռնի իշխանության ուղին, հետ գնա իշխանություն: Բայց հիմա ԲՀԿ-ն ընդդիմություն է: Եթե ԲՀԿ շահերը որեւէ դրության ժամանակ չբավարարվեն, ԲՀԿ-ն կվերադառնա կոալիցիա»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն եւ ԲՀԿ նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրվելու տարբերակը հավանական համարո՞ւմ եք հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը որպես նախագահի թեկնածու քաղաքական պահանջարկ չի ունենա: