ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին


ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին

  • 12-06-2012 16:47:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում եւ անհրաժեշտ համարեց այդ փոխգործակցության շարունակականությունը: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը անաչառ դիտորդական առաքելություն են իրականացրել` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ զեկույցը : Նրա խոսքով` Հայաստանի Նախագահը եւ իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լինեն ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ: ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորը շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում: Նա բարձր գնահատեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այդ գործընթացում կարեւոր դեր վերապահելով Ազգային ժողովին: Պարոն Գիլմորը կարեւորեց 2011թ. համաներումը, որը, ըստ նրա, կարեւոր նշանակություն ունեցավ երկրում ներքաղաքական կայունությունը ամրապնդելու գործում: Նա նկատեց, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությանը մեծապես նպաստել է ԱԺ կողմից ընդունված բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որտեղ ներառված են նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկները : Նա կարեւորեց նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունումը : ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ համարեց ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ հետագա համագործակցության խորացումը եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին : ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: «Մեր երկիրը բազմիցս ապացուցել է, որ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Կողմերը պետք է զերծ մնան որեւէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն եւ խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ տարածաշրջանի համար: ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների եւ ոտնձգությունների համար, դատապարտեց` նշելով, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական տա Ադրբեջանի պահվածքին: Պարոն Գիլմորը նույնպես կարեւորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա, եւ շեշտեց. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, եւ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որեւէ սրում անթույլատրելի է: Պետք է շարժվել առաջ` դեպի խաղաղ կարգավորում»: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն