ԴիջիԹեք Բիզնես ֆորումին մասնակցեց 59 կազմակերպություն, որից 21-ը արտասահմանյան
16-06-2012 16:30:39 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հունիսի 15-16-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՀ կառավարության անունից ողջունեց Դիջիթեք-2012-ի բոլոր մասնակիցներին: Ըստ վարչապետի, Հայաստանը համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: “Մեր տնտեսությունը ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008թ-ին եւ այդ առումով նրա դիմադրողականությունը էապես բարձրացել է”,- ասել է վարչահետը եւ նշել, որ այս գործում իր կարեւորագույն դերակատարությունն է խաղացել հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: “ՏՏ-ի կիրառումը բարձրացնում են արտադրողականությունը տնտեսության բոլոր ճյուղերում. 5 տարի առաջ բոլոր այն ցուցանիշները որ ներկայացվել են մեզ, զիջում էին մեր հարեւան պետություններին: 5 տարի անց, մենք զեկուցում ենք, որ տարածաշրջանում այդ բոլոր ցուցանիշներով մենք առաջինն ենք”,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց Ֆորումի նպատակը , որն է` աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
Ըստ Կարեն Վարդանյանի, հիմնական խնդիրը տեխնոլոգիական լուծում առաջարկողների եւ բիզնես համայնքի միջեւ անջրպետի փոքրացնելն է։ “Մի քանի տարի առաջ Հայստանը գնվում էր 116-րդ տեղում տոխնոլոգիաների օգտագործման առումով, այսօր մի քիչ բարելավվել է, եւ մենք 94–րդ տեղում ենք , բայց ես կարծում եմ, որը զուտ միայն պատվի առումով մեզ սազական չէ: Այս տարի ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակում գրանցվել է մասնակից կազմակերպությունների մոտ 48% աճ: Եթե 2011թ. ֆորումին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպություններ, ապա այս տարի` 59, որից 38-ը տեղական, իսկ 21-ն՝ արտասահմանյան:
Նախորդ տարիների համեմատ այս տարվա միոցառման տարբերությունն այն է, որ միջազգային մասնակցություններն ավելի մեծ է: 13 երկրի տարբեր կազմակերպություններից հյուրեր ունենք, եւ դա նշանակում է, որ Հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը աճում է”,- “Նոյյան Տապան”-ի լրագրողի հետ զրույցում տեղեկացրեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:
Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումներ գործարար այցելուներին ցուցադրեցին «ԱրմենՏել» «Ի-վորկս», «Իննովեյթիվ Գրինհաուս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Վեբեքս Թեքնոլոջիս», «Գուդ Լայն», «Գրիման», «ՔիՍոլուշնզ», «Սպրինտ», «Պարադոքս», «Լայմ Տեխ» ընկերությունները, «Դ-Լինկ Ինտերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, Տելեբժշկության հայկական ասոցիացիան, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, եւ այլն: «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն կարծիք հայտնեց, որ հետաքրքիր լուծումներ առաջարկող տեղական ՏՏ ընկերությունների համար DigiTec-Business համաժողովը լավ հարթակ է իրենց մշակումները ներկայացնելու խոշոր ընկերություններին: Նա վստահ է, որ այս համաժողովի շնորհիվ ընկերությունների միջեւ ձեւավորվող երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները հիմք են ստեղծում տնտեսության զարգացման եւ երկրի բարեկեցության համար :
Համաժողովի շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսում ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունները կներկայացնեն իրենց ծրագրային լուծումները, նպաստելով ՏՏ եւ այլ ոլորտների միջեւ երկխոսության նախաձեռնությանը, իսկ հրավիրված խոսնակները հայկական ձեռնարկություններին եւ քաղաքականություն մշակողներին ներկայացրին միջազգային լավագույն փորձը:
Երկօրյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը բաղկացած էր հետեւյալ միջոցառումներից.
DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնություն, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարք:
Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանսին քննարկվեցին ՏՀՏ եւ այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձեւերը, մեթոդները եւ խնդիրները տնտեսությունում։
Տեխնոլոգիական սեմինարների ընթեցքում՝ ներկայացվեցին ՏՀՏ ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները։
“DigiTec Business” ցուցահանդեսը անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2008 թ- ին։
Կարինե Գեւորգյան