Ամփոփվել են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները


Ամփոփվել են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները

  • 18-06-2012 13:28:49   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր ներկայացվել են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով մրցույթի հաղթողներին, նշել է, որ մրցույթին այս տարի մասնակցել է մոտ 1000 դպրոց: «Ուզում եմ հատուկ շեշտել, որ օլիմպիական շարժումը նոր իմաստ եւ կարեւորություն է ստանում մեր երկրում, եւ այդ համակարգում իր նշանակալի տեղն ու դերն ունի «Կենգուրուն»: Այս միջազգային մրցույթը, որը չորրորդ անգամ է անցկացվում մեր երկրում, մաթեմատիկական միջազգային շարժում է, որը նպատակ ունի երեխաների շրջանում արթնացնել հետաքրքրություն մաթեմատիկա առարկայի նկատմամբ»,- նշել է Մանուկ Մկրտչյանը: Այս տարի Հայաստանի եւ Արցախի դպրոցներից «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է շուրջ 36 հազար դպրոցական: Նրանցից 1201-ը դարձել են մրցանակակիր, այդ թվում 456-ի արդյունքները դիտարկվել են «լավ»: Հայաստանում «Կենգուրու-2012»-ի հաղթողներն այս տարի հինգն են. Աննա Վարդանյանը` Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի, Սերյոժա Դանիելյանը՝ Շիրակի մարզի Գյումրու «Պրոգրես» համալսարանական հենակետային դպրոց-վարժարանի աշակերտ, Տիգրան Կարախանյանը՝ Լոռու մարզի Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտ, Եվա Հունանյանը՝ Կոտայքի մարզի Պտղնիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի եւ Էռնա Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի: Հաղթողները` որպես մրցանակ, ստացել են արժեքավոր նվերներ։ Նրանցից մեկը՝ Էռնա Պետրոսյանը, ով երկրորդ անգամ է դառնում «Կենգուրուի» հաղթող, որպես գլխավոր մրցանակակիր կմեկնի Ֆրանսիա՝ հանգստանալու միջազգային մանկական ճամբարում։ Հայաստանում «Կենգուրու» մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը նշել է, որ մրցույթի անցկացման չափանիշները խստացվել են: Մրցույթի անցկացման կոնոններում թերությունների արձանագրելու հետեւանքով 9 դպրոց 1 տարով զրկվել է «Կենգուրուին» մասնակցելու իրավունքից: «Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 50 երկրում՝ մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ։ Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարաննների բոլոր աշակերտները՝ անկախ մաթեմատիկական ունակությունից կամ առաջադիմությունից. կարեւորը երեխայի ցանկությունն է:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ