Բժշկին ծեծի են ենթարկել Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները (ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ)
18-06-2012 17:33:12 | Հայաստան | Իրավունք
ՊՆ մայորն անզոր է օլիգարխի թիկնազորի առջեւ. «Չենք լռելու»-ն այցելել ծեծված բժշկին.
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը,
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը հաջողվել է այցելել ՀՀ ՊՆ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում գտնվող, նախօրեին դաժան ծեծի ենթարկված բուժծառայության մայոր Վահե Ավետյանին: Համաձայն մամուլի հրապարակումների, Ավետյանին ծեծի են ենթարկել ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:
Նախաձեռնության անդամները զրուցել են ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի հետ: Վերջինս հայտնել է, որ ծեծի ենթարկված Ավետյանը երեկ երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, որի արդյունքում գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Անտոնյանն իր կոլեգայի վիճակը ծայրահեղ ծանր է համարում, ինչը նշանակում է, նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում:
Վերակենդանացման բաժանմունքի պետը նշել է, որ ծեծի է ենթարկվել նաեւ Ավետյանի ընկերը` հոսպիտալի մեկ այլ աշխատակից, միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը: Վերջինս գանգուղեղի ծանր ցնցումով նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Չենք լռելու»-ն իր պատրաստած տեսանյությում, խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, որոշել է ցույց տալ Ավետյանի վիճակը` որպես եւս մեկ ահազանգ այն իրողության, թե որքան անպաշտպան ենք բոլորս սեփական երկրում, քանի անպատժելի են հաստավզերի տերերը` նրանց թեւեր տվողները: